Արդեն մեկ ամսից ավելի տևող ծովային շրջափակման սկզբից ի վեր ամերիկյան զինվորականների կողմից վերաուղղորդված նավերի թիվը հասել է 85-ի։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ը շարունակում է խստորեն իրականացնել Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած շրջափակումը։ Ամերիկյան զորքերն այս պահի դրությամբ վերաուղղորդել են 85 առևտրային նավ», - նշված է հրամանատարության՝ X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։

Ամերիկյան զինվորականները Իրանի ծովային շրջափակումն սկսել են ապրիլի 13-ին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունից հայտարարել են, որ մտադիր են արգելափակել բոլոր այն նավերի տեղաշարժը, որոնք ուղևորվում են իսլամական հանրապետության նավահանգիստներ կամ փորձում են հեռանալ դրանց ափերից։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի խոսքով՝ առևտրային նավերի առգրավմամբ ու անձնակազմերի ձերբակալությամբ ուղեկցվող այս շրջափակմամբ Վաշինգտոնը փաստացի ծովահենություն ու ահաբեկչություն է իրականացնում։

Source: https://news.am/hy/news/1036482