Մի շարք սպառնալիքներից և ժամկետների բազմակի հետաձգումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին նախատեսվող հարվածները հետաձգելու որոշման մասին՝ հույս ունենալով, որ դա համաձայնության հասնելու հնարավորություն կտա։ Դա նրան պատեհություն է տալիս միաժամանակ ամրապնդել իր քաղաքական դիրքերը երկրի ներսում և արտերկրում՝ որպես մի առաջնորդ, ով փորձել է գրեթե ամեն գնով խուսափել պատերազմից։
Ինչպես նշում է Ynet պարբերականը, Թրամփն, ըստ ամենայնի, նախընտրում է դիվանագիտական համաձայնագիրը ռազմական գործողությունների նոր փուլից, թեև ոչ ամեն գնով։ «Այդ տրամաբանության մեջ նույնիսկ հարվածի ժամանակավոր հետաձգումը դիտարկվում է որպես անհրաժեշտ քայլ, չնայած այն հանգամանքին, որ Իրանի աչքերում դա կարող է թուլության կամ անվստահության դրսևորում թվալ»։
Բացի դրանից, բանակցությունների ձախողման դեպքում, պարբերական հետաձգումները կարող են մեծացնել նրա լեգիտիմությունը, քանի որ ստեղծում են մի քաղաքական գործչի կերպար, որը սկզբում փորձում էր լեզու գտնել։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ, վերլուծաբանների գնահատմամբ, Թրամփը երևում է որպես պատերազմը կանխելու ձգտող կողմ, մինչդեռ Իրանը շարունակում է լարվածության սրման կուրսը։
Միևնույն ժամանակ, Իսրայելում հնչում են գնահատականներ, որ հարվածների հետաձգումը կարող է լինել նաև դիվանագիտական ճնշման տարր կամ ժամանակ շահելու փորձ։ Սակայն, որոշ պաշտոնյաների կարծիքով, դրանում կարող է ռազմավարական օգուտ չլինել, քանի որ Իրանը, ինչպես նշվում է, ի վիճակի չէ կանխել իր օբյեկտներին հասցվելիք պոտենցիալ արդյունավետ հարվածները, թեև ի պատասխան կարող է լուրջ տնտեսական և տարածաշրջանային վնաս հասցնել։
Իսրայելում կարծում են, որ իրավիճակը մնում է անորոշ. ըստ Թրամփը, պաշտոնյաներից մեկի, անկանխատեսելի է, և նույնիսկ բանակցությունների ձախողման դեպքում երաշխավորված չէ, որ նա հարվածելու հրաման կտա։ Իսրայելի իշխանությունների մեկ այլ ներկայացուցիչ նշել է, որ Թրամփի պարագայում «ոչ մի տրամաբանություն չկա, գլխավորապես այն պատճառով, որ դա Թրամփն է»՝ հավելելով, որ նրա կողմից հետաձգումը կարող է միաժամանակ ընկալվել որպես ուժի, բարի կամքի դրսևորում և Իրանի վրա ճնշում գործադրելու նոր փորձ։
Այս պայմաններում Իսրայելը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ հասկանալով, որ հանգուցային որոշումները մնում են Վաշինգտոնի ձեռքում։ Միաժամանակ նշվում է, որ Իսրայելի դիվանագիտական քայլերի մի մասը, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան այցերը, կարող են մատնանշել այն սպասումը, որ ամերիկյան կողմից անհապաղ հարված չի լինի։
Ընդ որում, ամերիկյան ռազմական աղբյուրների տվյալներով՝ Իրանն այս դադարի ընթացքում ամրապնդել է իր դիրքերը․ վերականգնել է վնասված հրթիռային օբյեկտների մի մասը, վերաբաշխել է շարժական արձակման կայանները և հարմարեցրել մարտավարությունը նոր հարձակումների դեպքերի համար։ Օբյեկտների մի մասը, զրուցակիցների խոսքերով, գտնվում է լեռնային շրջանների խորը ստորգետնյա թաքստոցներում, ինչը դրանք ծայրահեղ կայուն է դարձնում հարվածների նկատմամբ։
Ամերիկացի զինվորականները նշում են նաև, որ իրանական ուժերն ուսումնասիրել են ԱՄՆ ավիացիայի վարքագիծը, իսկ նախկին հարվածները նրանց թույլ են տվել սրբագրել սեփական պաշտպանական ռազմավարությունները։ Արդյունքում, չնայած հրամանատարության կորուստներին, Իրանը, աղբյուրների գնահատմամբ, դարձել է ավելի դիմակայուն և պատրաստ հետագա առճակատմանը, ներառյալ՝ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներին և Հորմուզի նեղուցում նավագնացությանը սպառնացող վտանգներին։
Source: https://news.am/hy/news/1036657
Football
Ինչո՞ւ է Թրամփը հետաձգել Իրանին հասցվելիք հարվածը. Ynet
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։