Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) կանխել է Իրաքից զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակի մաքսանենգության փորձը։

«Իրաքի հյուսիսում բազավորված և ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի (ի նկատի ունի Իսրայելը) շահերից ելնելով գործող ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումները մտադիր էին երկիր տեղափոխել ամերիկյան նոր զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը մեջբերում է «Tasnim» գործակալությունը։

Նշվում է, որ խմբավորումները չեզոքացվել են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քրդստան նահանգի Բանե քաղաքի շրջանում՝ իրանա-իրաքյան սահմանի մոտ։ Հատուկ գործողության ընթացքում իրանցի ուժայիններն առգրավել են ամերիկյան զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ։

Source: https://news.am/hy/news/1036272