Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր արվարձանային երկաթուղային համակարգը՝ Լոնգ Այլենդի երկաթուղին, ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքն այն բանից հետո, երբ արհմիությունները գործադուլ են հայտարարել, հաղորդել է Associated Press-ը։
Սա այս գծում նման առաջին ակցիան է 1994 թվականից ի վեր։
Գնացքների երթևեկությունը դադարել է շաբաթ օրը ժամը 00:01-ին։ Գործադուլին մասնակցում են հինգ արհմիություններ, որոնք ներկայացնում են երկաթուղու աշխատակիցների մոտ կեսը՝ մեքենավարներին, մեխանիկներին, ազդանշանային համակարգերի մասնագետներին և այլ աշխատողների։
Նյու Յորքի տրանսպորտային վարչության տվյալներով՝ Լոնգ Այլենդի երկաթուղու ծառայություններից ամեն օր օգտվում է մոտ 250 հազար մարդ, որոնք ուղևորություններ են կատարում Լոնգ Այլենդի և Նյու Յորքի միջև։
Նոր հավաքական պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվել են մի քանի ամիս։ Հիմնական տարաձայնությունները վերաբերում են աշխատավարձի չափին և բժշկական ապահովագրության վճարներին։
Արհմիությունները պնդում են, որ առաջարկված պայմանները չեն փոխհատուցում կյանքի արժեքի կտրուկ աճն ու վերջին տարիների բարձր գնաճը։
Մեքենավարների և երկաթուղայինների արհմիության ներկայացուցիչ Քևին Սեքսթոնը հայտնել է, որ նոր բանակցություններ առայժմ նշանակված չեն, և կողմերը դեռևս հեռու են համաձայնության հասնելուց։
Նյու Յորքի տրանսպորտային վարչության նախագահ Ջաննո Լիբերը հայտնել է, որ գերատեսչությունն արհմիություններին առաջարկել է այն ամենը, ինչ նրանք պահանջում էին աշխատավարձի մասով, և կարծում է, որ գործադուլի որոշումը նախապես է ընդունվել։ Իրենց հերթին, ակցիայի մասնակիցներն ասում են, որ պահանջում են միայն արդար վարձատրություն։
Գործադուլը լուրջ տրանսպորտային խնդիրներ է ստեղծում ոչ միայն ամենօրյա ուղևորների, այլև խոշոր մարզական միջոցառումների այցելուների համար։
Լոնգ Այլենդի երկաթուղին ունի ուղիղ կայարաններ այն մարզադաշտերի մոտ, որտեղ խաղում են «Նյու Յորք Յանկիզ» և «Նյու Յորք Մեթս» թիմերը, ինչպես նաև «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզահամալիրի հարևանությամբ, որտեղ անցկացվում են «Նյու Յորք Նիքս» թիմի հանդիպումները։
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոհուլը կոչ է արել Լոնգ Այլենդի բնակիչներին հնարավորության դեպքում աշխատել տնից։
Նյու Յորքի տրանսպորտային վարչությունը կազմակերպում է սահմանափակ թվով ավտոբուսային երթուղիներ դեպի մետրոյի կայարաններ, սակայն այս սխեման ի վիճակի չէ փոխարինել օրական քառորդ միլիոն ուղևորի փոխադրմանը։
Եթե երթևեկության դադարեցումը երկարաձգվի, վարորդները ստիպված կլինեն օգտվել տարածաշրջանի առանց այն էլ գերծանրաբեռնված ճանապարհներից։
Source: https://news.am/hy/news/1035943
Football
Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր արվարձանային երկաթուղին կանգ է առել գործադուլի պատճառով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։