Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը մերժել է մինչև մայիսի 31-ը հրաժարական տալու վերաբերյալ երկրի վարչապետ Պետեր Մադյարի վերջնագիրը։

«Ներկայումս չկան իրավական կամ սահմանադրական որևէ հիմքեր, որոնք կարող են ինձ ստիպել հրաժարական տալ»,- index.hu պորտալին տված հարցազրույցում ասել է Շույոկը՝ նշելով, որ իր պարտականությունները կկատարի մինչև նախագահական ժամկետի ավարտը։ «Ես երդում եմ տվել հիմնական օրենքին և սահմանադրական կարգի պաշտպանությանը։ Այն ինձ կապում է ամբողջ ազգի, այլ ոչ թե միայն քաղաքական մեծամասնության կամ փոքրամասնության հետ»,- ընդգծել է նա։

Շույոկը նշել է, որ «կան նախագահի լիազորությունները սահմանափակելուն ուղղված սոցիալական և քաղաքական միտումներ», սակայն հրաժարականի համար «սահմանադրական հիմքեր չկան»։

Ավելի վաղ Մադյարը նախագահին կոչ էր արել կամավոր հրաժարական տալ մինչև մայիսի 31-ը։ Նա պնդում է, որ Շույոկն իրավունք չունի մնալ իր պաշտոնում, քանի որ անցած տարիներին չի խոչընդոտել այն չարաշահումներին, որոնք Վիկտոր Օրբանի գլխավորած նախկին կառավարությունը թույլ է տվել քաղաքական, հասարակական և ֆինանսական ոլորտներում։

Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ հինգ տարի ժամկետով, և նախկինում որևէ նոր կառավարություն երբևէ չի պահանջել նրա հրաժարականը։ Շույոկը պետության ղեկավար է ընտրվել 2024 թվականին։ Հունգարիայում այժմ ստորագրահավաք է սկսվել, որով նրանք փորձել են աջակցություն ցուցաբերել նախագահին։ Նրա օգտին հանդես են եկել ընդդիմություն դարձած Օրբանն ու նրա «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը։ Նրանց համոզմամբ՝ նոր վարչապետի նման պահանջները չափազանց վտանգավոր նախադեպ են ստեղծում, տանում են իշխանության զավթման և հակասում են երկրի սահմանադրությանը։

Source: https://news.am/hy/news/1036295