Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից մոտ 120 կմ հյուսիս-արևմտյան Գիլգիլ քաղաքի գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով 16 աշակերտ է զոհվել, հայտնում է BBC News-ը։

Տասնյակ այլ աշակերտներ ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց. 71-ը հետագայում դուրս են գրվել, իսկ յոթը հոսպիտալացվել են հետագա բուժման համար, հայտնել է կրթության նախարար Ջուլիուս Օգամբան՝ հրդեհի վայր այցելելու ժամանակ։

Նա նշել է, որ հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ, և հետաքննությունը շարունակվում է։

«Ուտումիսի» կանանց ակադեմիայում հրդեհը բռնկվել է հինգշաբթի վաղ առավոտյան, երբ աշակերտուհիները քնած էին։ Կրթության նախարարը հայտնել է, որ հրդեհը սկսվել է հանրակացարաններից մեկի առաջին հարկից, որն ամբողջությամբ ավերվել է կրակից։

Ըստ ոստիկանության տվյալների՝ Գիլգիլում հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով մոտ 01:00-ին (չորեքշաբթի՝ 22:00-ին՝ Գրինվիչի ժամանակով) և ընդգրկել է հանրակացարանի շենքը, որտեղ բնակվում էր մոտ 220 աշակերտ։ Ողբերգության պահին դպրոցում գտնվել է ավելի քան 800 երեխա։

Source: https://news.am/hy/news/1039199