Իսրայելը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակի հետ համագործակցության կասեցման մասին՝ նշելով, որ այլևս կապեր չի պահպանի նրա կառույցի հետ, հայտնում է I24 news-ը:

Որոշումը կապված է հակամարտության գոտիներում սեռական բռնության հարցերով ՄԱԿ-ի զեկույցում իսրայելական կառույցների ներառման հետ, որտեղ դրանք հայտնվել են «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ միևնույն ցուցակում:

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը, իսրայելական առաքելությունը դադարեցնում է ցանկացած փոխգործակցություն Գուտերեշի գրասենյակի հետ՝ նրա պաշտոնավարման ամբողջ ընթացքում:

Նա ՄԱԿ-ի որոշումն անվանել է «բարոյական խայտառակություն» և հայտարարել, որ Գլխավոր քարտուղարն «Իսրայելին դասել է «ՀԱՄԱՍ»-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների շարքին»։

Իսրայելական կողմի տվյալներով՝ որոշումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ տևական բանակցությունների արդյունք է, որոնց ընթացքում Իսրայելը փաստաթղթեր և պարզաբանումներ է ներկայացրել՝ ի պատասխան առաջադրված մեղադրանքների: Սակայն, չնայած այդ ջանքերին, իսրայելական կառույցների ներառումը ցուցակում ուժի մեջ է մնացել:

Իսրայելում պնդում են, որ խոսքը քաղաքականապես մոտիվացված քայլի մասին է, որը խարխլում է վստահությունը միջազգային կազմակերպության հանդեպ:

Ի պատասխան՝ Թել Ավիվը հայտարարել է Գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ կապերի ամբողջական դադարեցման մասին՝ մինչև հետագա ծանուցում:

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ՄԱԿ-ի ցուցակը վերաբերում է հակամարտությունների պայմաններում սեռական բռնության ենթադրյալ դեպքերին և ներառում է զինված հակամարտությունների տարբեր կողմերի, ներառյալ՝ «ՀԱՄԱՍ»-ին:

Source: https://news.am/hy/news/1039214