Ֆելիսիեն Կաբուգան հինգշաբթի մահացել է Հաագայի հիվանդանոցում՝ գտնվելով Միջազգային քրեական տրիբունալների մնացորդային մեխանիզմի կալանքի տակ, հայտնում է Associated Press-ը։

Կաբուգան ավելի քան 90 տարեկան էր։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Վերջին տարիներին նա տառապում էր դեմենցիայով, և 2023 թվականին դատարանը նրան ճանաչել էր անընդունակ մասնակցելու դատավարությանը։

Ֆելիսիեն Կաբուգան համարվում էր 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության գործով գլխավոր մեղադրյալներից մեկը։ Այդ ժամանակ հարյուր օրվա ընթացքում սպանվել էին մոտ 800 հազար թութսի ժողովրդի ներկայացուցիչներ և չափավոր հուտուներ։

Քննությունը պնդում էր, որ նա ֆինանսավորել և համակարգել է զանգվածային սպանությունները։ Մեղադրանքի վարկածով՝ Կաբուգան իր կարողությունն ու քաղաքական էլիտայի հետ կապերն օգտագործել է հուտու ծայրահեղական կազմավորումներին աջակցելու համար, այդ թվում՝ «Ինտերահամվե» աշխարհազորին, ինչպես նաև մասնակցել է RTLM ռադիոկայանի ստեղծմանն ու ֆինանսավորմանը, որը տարածում էր բռնության կոչեր և հայտնում էր զոհերի գտնվելու վայրը։

Երկար տարիներ փախուստի մեջ լինելուց հետո Կաբուգան ձերբակալվել է Ֆրանսիայում՝ 2020 թվականի մայիսին, Փարիզից ոչ հեռու։

Դատավարությունը սկսվել էր ողբերգությունից գրեթե երեք տասնամյակ անց, սակայն դադարեցվել էր նրա առողջական վիճակի պատճառով։

Դատական վարույթի դադարեցումից հետո Կաբուգան շարունակել է մնալ ՄԱԿ-ի կալանքի կենտրոնում, քանի որ ոչ մի երկիր չի համաձայնել ընդունել նրան։ Նա հրաժարվում էր վերադառնալ Ռուանդա՝ դաժան վերաբերմունքից վախենալով։

Միջազգային քրեական տրիբունալների մնացորդային մեխանիզմը հայտնել է, որ կանցկացնի նրա մահվան հանգամանքների քննությունը։

Source: https://news.am/hy/news/1036047