Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են կյանքի կոչել նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի տխրահռչակ խոսքը․ «Մեղադրի՛ր ուրիշներին այն բանում, ինչ ինքդ ես անում»։

Ըստ խոսնակի, հենց ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են կործանել խոստումնալից դիվանագիտական գործընթացները։

«Նրանց անօրինական «ընտրովի պատերազմը» արդարացնելու համար օգտագործվող հաջորդ մեծ սուտն այն պնդումն է, թե նրանք «պահպանում են խաղաղությունն ու կայունությունը համաշխարհային էներգետիկ շուկաներում»։ Սակայն իրականում հենց ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմների անխոհեմ պատերազմի հրահրումն է կործանել մեծ խոստումներ տվող դիվանագիտական գործընթացները և Իրանի դեմ չհրահրված ռազմական ագրեսիայի միջոցով միտումնավոր սպառնալիք է ստեղծել կենսական նշանակության էներգետիկ երթուղիների անվտանգության համար՝ միայն հետո Իրանին ապակայունացման մեջ մեղադրելու համար, որպեսզի կյանքի կոչեն Գեբելսի տխրահռչակ արտահայտությունը․ «Մեղադրի՛ր ուրիշներին այն բանում, ինչ ինքդ ես անում»։ Սա նրանց սովորական, ցինիկ գործելակերպն է՝ հրահրել ճգնաժամ և պատերազմ, ապա շարունակել էսկալացիան «կայունության վերականգնման» և «խաղաղության պաշտպանության» վեհ կարգախոսների ներքո»,- գրել է Բաղային։

Վերջում նա մեջբերել է Տակիտոսի «Ագրիկոլա» ստեղծագործությունից մի հատված․ «Որտեղ նրանք անապատ են ստեղծում, դա խաղաղություն են անվանում»։

Source: https://news.am/hy/news/1036049