Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեֆֆ Լենդրին ժամանել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

«Լենդրին… կիրակի օրը ժամանել է Նուուկ», - ասվում է գործակալության հրապարակման մեջ։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա [Լենդրին] ծրագրում է մասնակցել մայիսի 19-ին և 20-ին նախատեսված բիզնես-կոնֆերանսին։ Նրան կուղեկցի Դանիայում ԱՄՆ դեսպան Քեննեթ Հոուերին։

Ինչպես նշում է գործակալությունը, թեև միջոցառման կազմակերպիչը Լենդրիին հատուկ հրավեր չի ուղարկել, սակայն հայտարարել է, որ համաժողովին կարող է մասնակցել ցանկացած մարդ:

Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատունն այս շաբաթ հայտնել էր, որ Լենդրին և Հոուերին հանդիպելու են Գրենլանդիայի բնակիչների հետ՝ պարզելու համար, թե տնտեսական ինչպիսի հնարավորություններ կան Միացյալ Նահանգների համար դանիական այս կղզում։

Reuters-ն ընդգծում է, որ Գրենլանդիայի քաղաքական գործիչների հետ հանդիպելու Լենդրիի ծրագրերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Գրենլանդիան մտնում է Դանիայի Թագավորության կազմի մեջ։ Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հորդորել են Վաշինգտոնին զերծ մնալ կղզին զավթելու փորձերից՝ նշելով, որ հարգանք են ակնկալում իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։

Source: https://news.am/hy/news/1036164