ԳՖՀ մի շարք հողերի ներքին գործերի նախարարները մտահոգություն են հայտնել աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության աճող ժողովրդականության կապակցությամբ և կոչ են արել այդ առնչությամբ նախազգուշական միջոցներ ձեռնարկել։

Համապատասխան հայտարարություններով Բրանդենբուրգի, Հեսսենի և Թյուրինգիայի ՆԳ նախարարները հանդես են եկել Handelsblatt թերթին տված հարցազրույցում։

«Մեզ շտապ անհրաժեշտ է քննարկել, թե AfD-ի՝ Սաքսոնիա-Անհալթում հնարավոր իշխանության գալը ինչ վտանգներ է ներկայացնում Գերմանիայի անվտանգության համակարգի համար և ինչպես կարող ենք դրան հակազդել։ Բազմաթիվ ավտորիտար պետությունների հետ շփումների և աջ ծայրահեղական կազմակերպությունների հետ կապերի պատճառով «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը սպառնալիք է ներկայացնում Դաշնային Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության համար»,- ասել է Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերը, որը ներկայացնում է իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Նա իր դիրքորոշումը պարզաբանել է՝ հղում անելով Սաքսոնիա-Անհալթում առաջիկա ընտրություններում ուլտրաաջերի գլխավոր թեկնածու Ուլրիխ Զիգմունդի խոսքերին այն մասին, որ հաղթանակի դեպքում պետք կլինի կատարել 150-200 վերանշանակում հողային վարչակազմում։

Ըստ Մայերի, նման պաշտոններում գտնվող մարդիկ «պարտավոր են անվերապահ հավատարմություն ցուցաբերել սահմանադրությանը», սակայն Սաքսոնիա-Անհալթում AfD-ի գործիչները, որտեղ այդ կուսակցության տեղական բաժանմունքը «ճանաչվել է հաստատված աջ ծայրահեղական կազմակերպություն», չեն համապատասխանում այդ պահանջին։ Նախարարը կարծում է, որ AfD-ի կողմից այս փաստի անտեսումը «համարժեք կլինի պետական հեղաշրջման»։

Մայերի դիրքորոշմանը համամիտ է նաև Բրանդենբուրգի ներքին գործերի նախարար Յան Ռեդմանը, որը նույնպես ներկայացնում է իշխող կոալիցիայի մաս կազմող «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը»։

Կուսակից ընկերոջը աջակցել է Հեսսենի ՆԳ նախարար Ռոման Պոզեկը։

Նա կոչ է արել պատրաստել գործողությունների ծրագիր «ամենավատ սցենարի դեպքում» և միջոցներ ձեռնարկել «ժողովրդավարությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար»։ Այդ համատեքստում նա, մասնավորապես, առաջարկել է վերանայել ՆԳ նախարարների համաժողովների անցկացման կարգը։ Հաջորդ նման միջոցառումը կանցկացվի Համբուրգում հունիսի 17-19-ը, և, Սաքսոնիա-Անհալթի ՆԳ նախարար Մայերի կարծիքով, այնտեղ անհրաժեշտ է քննարկել AfD-ի հետ կապված իրավիճակը։

Սաքսոնիա-Անհալթի հողային խորհրդարանի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 6-ին։ Մայիսի 7-ին հրապարակված infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի հարցումը ցույց է տալիս, որ տարածաշրջանում ընտրողների 41%-ը ընտրում է AfD-ին։ Իշխող կոալիցիայի ՔԴՄ և ՍԴԿ կուսակցությունների աջակցությունը զգալիորեն ցածր է՝ համապատասխանաբար 26% և 7%։ Ընտրողների 12%-ը ցանկանում է քվեարկել Ձախ կուսակցության օգտին, ևս 4-ական տոկոս՝ «Միություն-90»/«կանաչներ»-ի և ձախակողմյան «Սառա Վագենքնեխտի միության» օգտին, հայտնում է DW-ն։

Source: https://news.am/hy/news/1036130