Շվեյցարական Swatch Group ընկերությունը՝ աշխարհում մատչելի ժամացույցների խոշորագույն արտադրողներից մեկը, ստիպված եղավ ժամանակավորապես փակել իր խանութները Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում Royal Pop ժամացույցների նոր սահմանափակ շարքի շուրջ առաջացած զանգվածային իրարանցման պատճառով, գրում է The Guardian-ը։

Մոդելը ստեղծվել է շվեյցարական Audemars Piguet լյուքս բրենդի հետ համատեղ, որի ժամացույցները սովորաբար արժեն 15 հազար ֆունտ ստեռլինգ և ավելի։ Նորույթը վաճառվում էր համեմատաբար մատչելի գնով՝ 335 ֆունտ Մեծ Բրիտանիայում և մոտ 400 դոլար ԱՄՆ-ում, ինչը հսկայական պահանջարկ առաջացրեց կոլեկցիոներների և վերավաճառողների շրջանում։

Գնորդները հերթեր էին զբաղեցնում վաճառքի մեկնարկից մի քանի օր առաջ։ Որոշ քաղաքներում մարդիկ գիշերում էին խանութների մոտ և սպասում իրենց հերթին չորսից հինգ օր։ Խանութների բացումից հետո Լոնդոնում, Մանչեսթերում, Քարդիֆում, Բիրմինգհեմում, Փարիզում, Միլանում, Ամստերդամում և Նյու Յորքում հրմշտոց ու բախումներ են սկսվել։

Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը կիրառում էր ամբոխը ցրելու հատուկ միջոցներ։ Քարդիֆում ձերբակալվել է 25-ամյա մի տղամարդ, իսկ լոնդոնյան Battersea Power Station և Westfield առևտրի կենտրոններում ներգրավվել են ոստիկանական շներ։ Փարիզում ոստիկանությունը շուրջ 300 մարդու ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ։ Միլանում և Մանչեսթերում ծեծկռտուքներ են տեղի ունեցել, իսկ Նյու Յորքում ականատեսները կատարվածը համեմատել են ռոք-համերգի «մոշ փիթի» հետ։

Անվտանգության սպառնալիքի պատճառով Swatch-ը փակել է խանութները Մանչեսթերում, Լիվերպուլում, Ամստերդամում և Ուտրեխտում, ինչպես նաև ժամանակավորապես սահմանափակել վաճառքը այլ քաղաքներում։

Իրարանցման լրացուցիչ գործոն է դարձել արագ վերավաճառքի հնարավորությունը։ Վաճառքի մեկնարկի օրը ժամացույցները հայտնվել են առցանց հարթակներում՝ մինչև 3 հազար ֆունտ և 4 հազար դոլար գնով, այսինքն՝ նախնական արժեքից 8–10 անգամ բարձր։

Ընկերությունը հայտարարել է, որ հավաքածուն վաճառվելու է մի քանի ամիս շարունակ, և կոչ է արել գնորդներին վտանգավոր հերթեր չստեղծել։

Source: https://news.am/hy/news/1036138