Գերմանիայի կառավարությունը ծրագրում է 10 միլիարդ եվրո հատկացնել քաղաքացիական պաշտպանության ուժեղացմանը՝ պաշտպանական ծախսերի ավելի լայն ընդլայնման շրջանակում։ Նախագծի մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։
Արտակարգ իրավիճակներին, ներառյալ՝ հնարավոր հարձակումներին ներքին պատրաստվածության բարելավման բյուջեն նախատեսվել էր դեռևս անցյալ տարի, սակայն նախարարների կաբինետը պետք է հաստատի կոնկրետ միջոցառումները չորեքշաբթի։ Այդ քայլերը կոչված են լրացնելու ռազմական ծախսերի շարունակական աճը, որն իրականացվում է ի պատասխան Ուկրաինայում ընթացող պատերազմի։
Միջոցառումների փաթեթը ներառում է բժշկական ենթակառուցվածքների արդիականացում՝ զանգվածային զոհերի հետ աշխատելու համար, մոտ 1000 հատուկ փոխադրամիջոցների, 110 հազար շարժական մահճակալների գնում, ինչպես նաև ներդրումներ ապաստարանների համակարգում և բնակչության զանգվածային ազդարարման ցանցերում։
Միջոցները, որոնք հատկացվելու են մինչև 2029 թվականը, ներառվում են ըստ այն կանոնի, որը հնարավորություն է տալիս հաշվի չառնել պաշտպանական ծախսերը Գերմանիայում պետական փոխառությունների խիստ սահմանափակումների շրջանակում։
«Մենք չենք կարող խոսել պաշտպանունակության մասին և ներդրումներ կատարել՝ առանց քաղաքացիական պաշտպանությանը անհրաժեշտ աջակցությունն ապահովելու»,- հայտարարել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը Bild-ին տված հարցազրույցում ևս հաստատել է, որ քաղաքացիական պաշտպանության համար արդեն իսկ ամրագրված է 10 միլիարդ եվրո։
Գերմանիան միաժամանակ ուժեղացնում է միջոցները ծայրահեղականության սպառնալիքների և այսպես կոչված հիբրիդային պատերազմի դեմ, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումներն ու ապատեղեկատվական արշավները։
2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Գերմանիայի իշխանությունները սկսել են քաղաքացիական ապաստարանների համակարգի արդիականացումը։ Երկրում հաշվվում է 579 ապաստարան՝ նախատեսված մոտ 480 հազար մարդու համար, որոնցից շատերը չեն օգտագործվել Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
Source: https://news.am/hy/news/1036358
Football
Գերմանիայի կառավարությունը ծրագրում է 10 միլիարդ եվրո հատկացնել քաղաքացիական պաշտպանության ուժեղացմանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։