Գերմանիան առաջիկա շաբաթներին Patriot հակաօդային պաշտպանության ստորաբաժանում կուղարկի Թուրքիա՝ դաշինքի հարավարևելյան թևի պաշտպանությունն ուժեղացնելու ՆԱՏՕ-ի պլանի շրջանակում։

Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) կստեղծեն «Patriot հակաօդային և հակահրթիռային պաշտպանության» օպերատիվ խումբ, որը սերտորեն կհամագործակցի թուրքական զինված ուժերի հետ, ասված է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ «Գերմանիան ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակում»՝ հավելելով, որ գերմանական Patriot ստորաբաժանումը և շուրջ 150 զինծառայողներ կփոխարինեն ամերիկյան զորակազմին, որն այժմ տեղակայված է Թուրքիայում։

«Մեր ռազմաօդային ուժերը կատարում են գերազանց, միջազգային մակարդակով բարձր գնահատված աշխատանք»,- ասել է Պիստորիուսը։

Նախարարության տվյալներով՝ գերմանական Patriot ստորաբաժանումը գործելու է ՆԱՏՕ-ի Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգի (NATO IAMD) շրջանակում։ Ակնկալվում է, որ առաքելությունը կտևի 2026 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր։

Source: https://news.am/hy/news/1036424