Ֆրանսիական հետաքննության շրջանակում ամերիկացի հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի գործով մոտ տասը «նոր» ենթադրյալ զոհ է հայտնվել։ Այս մասին կիրակի հայտնել է Փարիզի դատախազը, հաղորդում է France 24-ը։

Ֆրանսիան մարդկանց առևտրի գործով հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հունվարին հրապարակեց վարկաբեկված ֆինանսիստի գործով հետաքննության վերջին նյութերը։ Էպշտեյնը մահացել է բանտում 2019 թվականին՝ մեղադրվելով անչափահաս աղջիկների սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի մեջ։

Ֆրանսիացի քննիչները փորձում են հետաքննել Ֆրանսիայում կատարված հնարավոր հանցագործությունները կամ ֆրանսիացի հանցագործների մասնակցությունը, որոնք օժանդակել են նրան։ Փարիզի գլխավոր դատախազ Լոր Բեկուան հայտարարել է, որ մոտ 20 ենթադրյալ զոհ հայտնել է իր մասին այն բանից հետո, երբ փետրվարին նա կոչ էր արել հնարավոր տուժածներին խոսել այդ մասին։ Ըստ նրա, նրանցից մի քանիսն արդեն հայտնի էին քննիչներին։ Այս մասին նա հայտնել է RTL հեռուստաընկերությանը։

«Բայց նաև նոր զոհեր ունենք, որոնց մասին ընդհանրապես չգիտեինք։ Նրանք մոտ 10-ն են։ Այս պահին որոշում ենք կայացրել լսել այդ զոհերին։ Նրանցից մի քանիսն արտերկրում են, ուստի քննիչները փորձել են հանդիպումներ կազմակերպել՝ հաշվի առնելով, թե երբ նրանք կկարողանան գալ Փարիզ»,- պատմել է դատախազը։

Ըստ նրա, քննիչները նաև ուսումնասիրում են, այսպես կոչված, «Էպշտեյնի դոսյեները» և դրանցում փնտրելու են ենթադրյալ զոհերի նշած ցանկացած անուն։

Ֆրանսիացի քննիչները Էպշտեյնի փարիզյան շքեղ բնակարանում խուզարկություն են անցկացրել 2019 թվականի սեպտեմբերին՝ նրան Նյու Յորքի բանտախցում կախված գտնելուց մեկ ամիս անց։ Քննիչներին արդեն հայտնի ենթադրյալ զոհերի թվում են եղել կանայք, որոնք ցուցմունք են տվել մոդելային գործակալության նախկին ղեկավար Ջերալդ Մարիի և մոդելային գործակալ Ժան-Լյուկ Բրյունելի գործերով։

Մարտին տասնհինգ կին կոչ է արել Ֆրանսիային հետաքննություն սկսել Մարիի նկատմամբ՝ Էպշտեյնի հետ հնարավոր կապերի համար։

2023 թվականին քննիչները փակել են Մարիի դեմ ևս մեկ հետաքննություն՝ 1980-ական և 1990-ական թվականներին սեռական բռնության մեղադրանքով, քանի որ վաղեմության ժամկետն անցել էր։ Ֆրանսիայի իշխանությունները Բրյունելին ձերբակալել էին 2020 թվականին՝ անչափահասների նկատմամբ սեռական բռնության և ամերիկացի միլիարդատիրոջ համար զոհեր հավաքագրելու մեղադրանքով։ 2022 թվականին նրան բանտում մահացած էին գտել։

Երկու նախկին մոդել AFP գործակալությանը պատմել են, որ Դանիել Սիադ անունով մոդելային գործակալը փորձել է իրենց «մատուցել» Էպշտեյնին 2000-ականներին, իսկ Մարիին՝ 1990-ականներին։

Ըստ Բեկուայի, մարդկանց առևտրի գործով վերջին հետաքննության ընթացքում «դեռևս չի հարցաքննվել որևէ մեկը, որը պոտենցիալ կերպով կարող էր առնչություն ունենալ դրան»։

2008 թվականին Էպշտեյնն ընդունել է իր մեղքը մինչև 18 տարեկան աղջկան պոռնկության մեջ ներգրավելու համար և 13 ամիս բանտում անցկացրել, որից հետո պայմանականորեն ազատ է արձակվել։

Source: https://news.am/hy/news/1036118