Ֆրանսիան հրավիրել է ուկրաինական «ցանկացողների կոալիցիայի» մեջ մտնող եվրոպական պետություններին՝ մասնակցելու հուլիսի 14-ին անցկացվելիք Բաստիլի գրավման օրվա տոնակատարությանը։ Դրա մասին ասված է պաշտոնական հրավերում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած կոալիցիան հիմնականում բաղկացած է եվրոպական այն երկրներից, որոնք ձգտում են անվտանգության երաշխիքներ մշակել Ուկրաինայի համար՝ պատերազմի դադարեցման դեպքում։

Ըստ հրավերի տեքստի՝ 2026 թվականին Բաստիլի գրավման օրվա առթիվ հանդիսությունները կանցկացվեն «Եվրոպական ռազմավարական զարթոնք» կարգախոսի ներքո։ Դա տեղի է ունենում տրանսատլանտյան հարաբերություններում ուժգնացող լարվածության, հատկապես՝ Իրանի շուրջ ընթացող պատերազմի հետնապատկերին։

Ամենամյա զորահանդեսն այս տարի կլինի վերջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար՝ պաշտոնից հեռանալուց առաջ։ Միջոցառումը պետք է ընդգծի քաղաքական աջակցությունը Ուկրաինային այնպիսի պայմաններում, երբ պատերազմի շուտափույթ ավարտի հեռանկարները մնում են մշուշոտ։

2025 թվականի նոյեմբերից կոալիցիան գտնվում է ֆրանսիական հրամանատարության ներքո, իսկ հուլիսին պետք է անցնի Մեծ Բրիտանիայի ղեկավարմանը։

Շուրջ 25 երկիր արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ուկրաինայի համար նախատեսված ապագա բազմազգ առաքելությանը, որը կարող է ներառել զորախմբերի տեղակայում անմիջապես ուկրաինական տարածքում։

Ռազմական պաշտոնյաները պնդում են, որ նման առաքելության նախապատրաստումն ավարտված է, և ուժերը պատրաստ են տեղակայման՝ հրադադարի ռեժիմի հաստատման դեպքում, թեև ծրագրի մանրամասները դեռևս չեն բացահայտվում։

Source: https://news.am/hy/news/1036710