Մայիսի 15-ի գիշերը Ֆինլանդիայի օդային տարածք էր ներթափանցել առնվազն մեկ անօդաչու թռչող սարք, տեղեկացրել է Yle-ը։ Հելսինկիի միջազգային օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել էր թռիչքների ընդունումն ու ուղարկումը։ Ֆինլանդիայի մայրաքաղաքում չեղարկվել էին մի քանի ավտոբուսային երթուղիներ։

Ուուսիմաա շրջանում, որի տարածքում գտնվում է Հելսինկին, տարածվել էր վտանգի մասին նախազգուշացում․ բնակիչներին կոչ էին արել մնալ շինությունների ներսում և հեռու կանգնել պատուհաններից։

Օդ էին բարձրացվել Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի Hornet կործանիչները։

Առավոտյան մոտ ժամը յոթին իշխանությունները հայտնել էին, որ Ուուսիմաայում անօդաչուների վտանգն անցել է։ Բնակիչները կարող են վերադառնալ բնականոն կյանքին, հայտարարել էր ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։

Անօդաչու սարքերի վտանգի մասին նախազգուշացում մայիսի 15-ի գիշերն ուղարկվել էր նաև Լատվիայի սահմանամերձ շրջաններում՝ Բալվիի, Լուձայի, Կրասլավայի և Ռեզեկնեի երկրամասերում։ Մոտ 06:30-ին հայտարարվել էր, որ վտանգն անցել է։ Լատվիայի օդային տարածք ներթափանցած անօդաչուների մասին տեղեկություններ չէին հաղորդվել։

Անօդաչուները բազմիցս ներթափանցել են Ռուսաստանի հետ սահմանակից եվրոպական երկրներ։ Մարտի վերջին ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների պատճառով կողմնորոշումը կորցրած ուկրաինական անօդաչուներն ընկել էին Էստոնիայում և Լատվիայում։

Մայիսի 7-ի գիշերը Ռուսաստանից Լատվիայի օդային տարածք ներթափանցած երկու անօդաչու սարքերը դարձել էին կառավարական ճգնաժամի և կառավարության հրաժարականի պատճառ։

Source: https://news.am/hy/news/1035611