Սլովակիան, որը Եվրամիությունում «Գազպրոմի» վերջին խոշոր հաճախորդներից է, պատրաստ է Ադրբեջանի հետ բնական գազի գնման երկարաժամկետ պայմանագիր կնքել։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, շրջակա միջավայրի նախարար Տոմաշ Տարաբան։ «Մենք քննարկում ենք Ադրբեջանի հետ երկարաժամկետ՝ առնվազն 10 տարվա պայմանագիր կնքելու հարցը։ Սլովակիան ցանկանում է դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը, իսկ Ադրբեջանը մեզ համար շատ հուսալի գործընկեր է»,- նշել է Տարաբան։

Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը Կովկասից Կենտրոնական Եվրոպա գազի տեղափոխումն է, սակայն այս փուլում կողմերը քննարկում են, թե «որ խողովակաշարերը և ինչ ծավալներով է հնարավոր օգտագործել»։ Տարաբան նաև շնորհակալություն է հայտնել Բաքվին ռուսական գազի ներկրման ընդհատումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ «Մի քանի ամիս առաջ, երբ Ուկրաինայի պատճառով մատակարարման ճգնաժամ էր ստեղծվել, ձեր երկիրը շատ ակտիվ գտնվեց Սլովակիային գազով ապահովելու հարցում»,- հավելել է նա։

Դրանից առաջ Սլովակիայի խոշորագույն նավթագազային ընկերության՝ SPP-ի գլխավոր տնօրեն Մարտին Հուսկան նշել էր, որ երկիրը երկարաժամկետ գազային պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում ադրբեջանական SOCAR-ի հետ։ Նա ընդգծել էր, որ ռուսական գազի ներկրման փուլային դադարեցման ֆոնին Բրատիսլավան սկսել է նոր մատակարարներ փնտրել, որոնք «ունակ են ողջամիտ գներով ապահովել բնական գազի անհրաժեշտ ծավալները»։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը 2024 թվականին մեկնարկել է փորձնական պայմանագրի շրջանակներում Սլովակիային տրամադրվող գազի մատակարարումը։ Գործարքի պայմանները, այդ թվում՝ արտահանման ծավալներն ու արժեքը, չեն հանրայնացվել։

Սլովակիան ու Հունգարիան մնում են Եվրամիության վերջին երկրները, որոնք ռուսական գազը գնում են ուղղակիորեն։ Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը նրանք վառելիքը ստանում էին Ուկրաինայի տարածքով, սակայն դրա դադարեցումից հետո գազը սկսել է մատակարարվել «Թուրքական հոսք» խողովակաշարով։ Անցյալ տարվա սեպտեմբերին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նշել էր, որ երկիրը տարեկան ստանում է մոտ 3,5 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ։ Այս տարվա մայիսին Ֆիցոյի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Մոսկվան «կանի ամեն ինչ՝ Սլովակիայի Հանրապետության էներգետիկ կարիքները բավարարելու համար»։

Անցյալ տարի եվրոպական շուկայում «Գազպրոմի» մատակարարումները նվազել են մինչև 18 միլիարդ խորանարդ մետր, ինչը 1973 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ 2024 թվականի համեմատ արտահանման ծավալը կրճատվել է 44%-ով, իսկ նախապատերազմյան առավելագույն ցուցանիշների համեմատ՝ ավելի քան 10 անգամ։

Փետրվարի 3-ից ԵՄ-ում ուժի մեջ է մտել ռուսական գազի ներկրման արգելքը, սակայն գործող պայմանագրերի համար նախատեսվել է անցումային շրջան։ Հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները պետք է ամբողջությամբ դադարեցվեն 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ խողովակաշարային գազինը՝ 2027-ի սեպտեմբերի 30-ից։ Սլովակիան դեմ է եղել այս սահմանափակումներին։ Ֆիցոն ռուսական գազից հրաժարվելու ԵՄ ծրագիրը համեմատել է «սեփական ծնկին կրակելու» հետ։ Ապրիլի վերջին Բրատիսլավան հայց է ներկայացրել ԵՄ դատարան՝ բողոքարկելով Ռուսաստանից գազի ներկրման արգելքը։

Source: https://news.am/hy/news/1036326