Էրմիտաժում այցելուն անցել է պարանե արգելապատնեշից այն կողմ և նստել Գեորգիևյան դահլիճում գտնվող Մեծ կայսերական գահին, հայտնում է РИА Новости-ն։

Տղամարդը ագրեսիվ է արձագանքել թանգարանի հսկիչի նկատողությանը և փորձել է դիմադրություն ցույց տալ կանչված Ռոսգվարդիայի ծառայողներին, նա ձերբակալվել է։

Ձերբակալության ժամանակ տղամարդուց առգրավել են փոքրիկ տանտո դանակ, որը թաքցված է եղել կոշիկի մեջ։

Պետական Էրմիտաժը այցելուի հետ կապված միջադեպը որակել է որպես զինված սադրանք։

«Թանգարանների միջազգային օրվան նախորդող օրը, անվճար այցելության օրը, Էրմիտաժում կանխվել է զինված սադրանք… Կարգազանցը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության 78-րդ բաժին։ Ձերբակալության ժամանակ նրանից առգրավվել է փոքրիկ տանտո դանակ (կարճ սամուրայական սրի ոճով դանակ — խմբ.) , որը թաքցված էր կոշիկի մեջ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են Էրմիտաժում, գահին նստած տղամարդը բարձրաձայն կարդում էր մի տեքստ, որի բովանդակությունը թանգարանը չի հրապարակում։ Նրա ձերբակալության ժամանակ, արձանագրության պահանջներին համապատասխան, դահլիճից դուրս են բերվել մյուս այցելուները։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Կատարվել է գահի և դրան կից նստարանի նախնական տեսողական զննում։ Էքսպոնատների պահպանվածության վիճակը թանգարանի մասնագետները կուսումնասիրեն ավելի մանրամասն», - եզրափակել են Էրմիտաժում։

Source: https://news.am/hy/news/1036132