ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Լիբանանի ռազմական էսկալացիան և հարգել երկրի ինքնիշխանությունը՝ միաժամանակ վերահաստատելով լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի հանդեպ իր հանձնառությունը։
«Մենք կոչ ենք անում Իսրայելին կանգնեցնել Լիբանանում ռազմական էսկալացիան և հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անուար Էլ Անունին։
Նա նաև կոչ է արել շարունակել ԱՄՆ-ի և միջազգային այլ գործընկերների առաջնորդությամբ դիվանագիտական երկխոսությունը՝ տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու փոխհամաձայնեցված տարբերակ գտնելու համար։ «Լիբանանի ժողովուրդն արդեն իսկ հսկայական զրկանքներ է կրել։ Նրանք չեն ընտրել այս պատերազմը, և սա իրենց պատերազմը չէ»,- նշել է նա։
Էլ Անունին հավելել է, որ թե՛ Լիբանանի, թե՛ Իսրայելի ժողովուրդներն իրավունք ունեն ապրելու խաղաղության, անվտանգության և արժանապատվության պայմաններում՝ առանց հակամարտության վերսկսման սպառնալիքի։
Նա նշել է, որ ԵՄ-ն համերաշխ է լիբանանցի ժողովրդի հետ և կշարունակի աջակցություն ու հրատապ օգնություն տրամադրել վերջինիս և կաջակցի տեղի իշխանություններին ճգնաժամը հաղթահարելու գործում։
Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Էլ Անունին հայտնել է, որ եվրոպական դաշինքը դիտարկում է Լիբանանում կայունության պահպանման համար լրացուցիչ միջոցներ կիրառել, ներառյալ՝ հնարավոր նոր առաքելության իրականացումը, որն ուղղված կլինի պետական իշխանության ամրապնդմանը։
Նա հրաժարվել է ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել, սակայն ընդգծել է, որ Լիբանանի անվտանգությանն ու կայունությանը միտված ԵՄ հանձնառությունը «մնում է անսասան»։
Source: https://news.am/hy/news/1040018
World
ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Լիբանանում տիրող ռազմական էսկալացիան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։