Եվրահանձնաժողովը ծրագրում է ստեղծել պարարտանյութերի ռազմավարական պաշար՝ Հորմուզի նեղուցում նավագնացության խնդիրների պատճառով խաթարված մատակարարումները վերականգնելու և անխափան հասանելիություն ապահովելու համար: Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, Եվրամիությունը դիտարկում է պարարտանյութերի պահեստավորման նոր ձևեր և եվրոպական մակարդակով համատեղ գնումներ, ինչի համար կիրառում է նախորդ էներգետիկ ճգնաժամի ժամանակ փորձարկված մոդելը:

Գյուղատնտեսությունը հիմնականում կախված է պարարտանյութերից և դրանք արդեն դասվում են ռազմավարական ռեսուրսների շարքին: Գազի գնից կախված ազոտական պարարտանյութերի գներն արդեն անցել են նախորդ տարվա միջին ցուցանիշը: Թերթի փոխանցմամբ՝ Բրյուսելն առավել սարսափում է «հետաձգված էֆեկտից»։ Գնաճի նոր ալիքը կպայթի առաջիկա ամիսներին, երբ արտադրողները սպառեն Մերձավոր Արևելքի էսկալացիայից առաջ կուտակած պաշարները:

Եվրահանձնաժողովում մտահոգված են, որ էներգակիրների թանկացումն ու առևտրային ուղիների խաթարումը ուղղակիորեն կհարվածեն սննդամթերքի գներին։ Նավթից ու գազից բացի, Հորմուզի նեղուցով է անցնում նաև համաշխարհային գյուղատնտեսության համար նախատեսված պարարտանյութերի զգալի մասը։ «Բրյուսելի տեխնիկական քննարկումների հետևում ավելի խորը գիտակցում է թաքնված. այնտեղ վերջնականապես հրաժեշտ են տվել այն պատրանքին, թե գլոբալ մատակարարման շղթաները միշտ հասանելի են, արդյունավետ և քաղաքականապես չեզոք։ Ժամանակին հենց այս տրամաբանությունը ազգային անվտանգության հարց դարձրեց կիսահաղորդիչները, մարտկոցներն ու բնական գազը, քանի որ արտաքին աղբյուրներից չափից ավելի կախվածությունը լուրջ աշխարհաքաղաքական ռիսկ է պարունակում բոլորի համար»,- եզրափակում է պարբերականը։

Source: https://news.am/hy/news/1036892