Սկզբում դա կատակի պես էր հնչում։ Գեներալ Դեն Քեյնին հարցրել էին, արդյոք Իրանն օգտագործո՞ւմ է «կամիկաձե-դելֆիններ»։

Քեյնը, որը սովորաբար խիստ դեմքի արտահայտություն է պահպանում ԱՄՆ-Իրան պատերազմի վերաբերյալ ճեպազրույցների ժամանակ, իրեն ժլատ ժպիտ թույլ տվեց։ «Ես չեմ լսել այդ «կամիկաձե-դելֆինների» մասին. դա լազերներով շնաձկների նմա՞ն մի բան է»,- ասել է նա մայիսի 5-ին՝ հղում անելով «Օսթին Փաուերս» ֆիլմին, գրում է The Telegraph-ը։

Թեև դա կարող է աբսուրդային լրտեսական ֆիլմի սյուժե թվալ, այդ երկխոսության մեջ ավելի շատ ճշմարտություն կար, քան թվում է։ Իրանը, հնարավոր է, չունի դելֆինների մարտական ստորաբաժանում, մինչդեռ ԱՄՆ-ն իսկապես՝ ունի։

Գաղտնի ստորաբաժանումը ստեղծվել է Սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ դելֆինների անդրադարձային տեղորոշման կարողություններն ուսումնասիրող գիտնականները հանգեցին այն եզրակացության, որ նրանք կարող են բարձր ճշգրտությամբ հայտնաբերել ստորջրյա օբյեկտները։

Սակայն դելֆիններին մարզել են ոչ թե որպես «կամիկաձեներ», այլ ականներ որոնելու և մարդկանց ազդանշան տալու համար, որպեսզի վերջիններս կարողանան անվտանգ կերպով վնասազերծել դրանք. Իրենք՝ կենդանիները պայթուցիկ սարքերը չեն պայթեցնում։

Բեռլինի պատի անկումից տասնամյակներ անց դելֆինները դեռևս շարունակում են մարզումներ անցնել Սան Դիեգոյի ափերի մոտ, The Telegraph-ին հաստատել են ԱՄՆ Ռազմածովային ուժերը։

Կենդանիներն արդեն մեկ անգամ կիրառվել են Մերձավոր Արևելքում և կարող են կարևոր դեր խաղալ Հորմուզի նեղուցի բացման գործում, որը Իրանը դեռևս վերահսկում է և, ինչպես պնդում են, ականապատել է։

Դելֆինների մարզման ծրագիրը, որը հայտնի է որպես Մարզային կաթնասունների ծրագիր, ենթադրաբար սկսվել է 1960-ականների սկզբին։

Ծրագիրը երկար ժամանակ մնացել է գաղտնիացված՝ մինչև 1989 թվականը, երբ գերմանացի հեռուստալրագրողները Ֆլորիդայի Քի Ուեսթի ափերի մոտ և Վաշինգտոն նահանգի «Trident» սուզանավերի բազայի մոտ գաղտնի նկարահանեցին ԱՄՆ Ռազմածովային ուժերի գործողությունները դելֆինների հետ։

Հաղորդվում էր, որ դելֆիններին տեղափոխում էին վրանների ներսում թաքցված պատգարակներով՝ «փոքր, արագընթաց մոտորանավակներով»։ Ծրագրի շատ մանրամասներ մինչ օրս գաղտնի են պահվում։

Ընդսմին, Ռազմածովային ուժերի ներկայացուցիչներն ընդգծում են, որ դելֆինները չեն օգտագործվում որպես մահապարտներ։ Նրանց մարզում են ստորջրյա օբյեկտները հայտնաբերելու և նշագրելու, այլ ոչ թե ականներ պայթեցնելու կամ նավերի վրա հարձակվելու համար։

Թեև գերմանական վավերագրական ֆիլմը քննադատում էր կենդանիների պահման պայմանները, ծրագիրն ապացուցեց իր արդյունավետությունը իրական գործողություններում։

2003 թվականին Իրաք ներխուժման ժամանակ ԱՄՆ Ռազմածովային ուժերն օգտագործեցին ինը շշաքիթ դելֆիններից (աֆալինաներից) բաղկացած խումբ՝ Ումմ Քասր նավահանգստի մոտակայքը հակառակորդի ականներից և արգելքներից մաքրելու համար, որը երկրի միակ խորջրյա նավահանգիստն էր։

Դելֆինները կարևոր դեր խաղացին կոալիցիայի գործողության մեջ, որն անհրաժեշտ էր արագորեն բացել ծովային ուղիները՝ Սադամ Հուսեյնի ռեժիմի անկումից հետո մարդասիրական օգնություն և առևտրային բեռներ հասցնելու համար։

Իրաքյան ուժերը նավահանգստի մատույցներում տեղադրել էին ստորջրյա ականներ և արգելապատնեշներ, որոնք նախատեսված էին կոալիցիոն նավերին վնասելու կամ դրանց առաջխաղացումը դանդաղեցնելու համար։ Դելֆիններին, դրանց թվում՝ Մաքայ և Թաքոմա անուններով առանձնյակներին, բաց էին թողնում նավահանգստի պղտոր ջրերը։

Կենդանիներն աշխատում էին զինվորական ջրասուզակների և սակրավորական խմբերի հետ համատեղ՝ օգտագործելով անդրադարձային տեղորոշումն՝ ականներ որոնելու համար։

Ական հայտնաբերելիս դելֆինը դուրս էր գալիս ջրի երես և կողքով հարվածում նավակին, ինչը ազդանշան էր սակրավորական թիմերի համար։

Ռազմածովային ուժերի տվյալներով՝ ստորաբաժանումն օգնել է հայտնաբերել ավելի քան 100 ստորջրյա ական և արգելք։

Ավելի քան 20 տարի անց, Մերձավոր Արևելքում նոր պատերազմի ֆոնին, ԱՄՆ-ը բախվում է նմանատիպ սպառնալիքի Հորմուզի նեղուցում, որտեղ հնարավոր են ականային արգելափակոցներ։

ԱՄՆ Ռազմածովային ուժերի ականային պատերազմի նախկին հրամանատար Քևին Էյերը հայտարարել է, որ իրանական «հատակային ականները», որոնք ընկած են ծովի հատակին, հայտնաբերման համար ամենաբարդ սպառնալիքներից մեկն են։

Հնարավոր ականների տեսակների թվում են ռուսական MDM-ները և EM-52 ռեակտիվ ականները, որոնք ընդունակ են պայթուցիկ լիցքը վեր նետել՝ դեպի նավը։

Ըստ գնահատականների՝ Իրանը տնօրինում է նաև ավելի պարզ ականային համակարգեր, ինչը ականազերծումը դարձնում է չափազանց բարդ և երկարատև գործընթաց։

Ականային պատերազմի մասնագետները նշում են, որ դելֆինները հատկապես արդյունավետ են այնպիսի պայմաններում, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաները դժվարություններ են ունենում։

Պղտոր, ծանծաղ և խիստ ծանրաբեռնված ջրային միջավայրում նրանք հաճախ անփոխարինելի են դառնում։

Ներկա պահին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը չի մեկնաբանում՝ արդյոք դելֆինները ներգրավվել են նեղուցի մաքրման գործողություններում։ Սակայն, դատելով ամեն ինչից, հենց դրա համար էլ ստեղծվել էր այս գաղտնի ծրագիրը։

Այն, ինչ Պենտագոնի ճեպազրույցում կատակի պես էր հնչում, պարզվեց ժամանակակից ամենաարտասովոր ռազմական կարողություններից մեկն է։

Ինչ-որ տեղ Սան Դիեգոյի ափերի մոտ դելֆինները շարունակում են մարզումները պատերազմի համար։ Եվ ինչ-որ տեղ Իրանի ափերի մոտ նրանք, միգուցե, արդեն իսկ մասնակցում են դրան։

Source: https://news.am/hy/news/1036732