Դանիայի իշխանությունները հաստատել են Թիմի կետի մահը. երկու շաբաթ առաջ ափ նետված սապատավոր կետը փրկարարական գործողության ընթացքում տեղափոխվել էր Հյուսիսային ծով, որը քննադատվել էր որպես «կենդանիների նկատմամբ բացարձակ դաժանություն», գրել է The Guardian-ը։

Դանիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Դանիայի և Շվեդիայի միջև գտնվող Կատեգատ լայն նեղուցում՝ Անհոլտ փոքր կղզու մոտ, սատկած կետ է հայտնաբերվել, իսկ շաբաթ օրը հաստատվել է, որ դա Թիմին է։

Դանիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ստորաբաժանման ղեկավար Ջեյն Հանսենը հայտնել է, որ այժմ կարելի է հաստատել, որ Անհոլտի մոտ ափ նետված սապատավոր կետը նույն այն կետն է, որը նախկինում ափ էր նետվել Գերմանիայում և դարձել փրկության փորձերի առարկա։

Նա ավելացրել է, որ շաբաթ օրը ստեղծված պայմանները Դանիայի բնության պահպանության գործակալության աշխատակցին հնարավորություն են տվել գտնել և հանել հսկման սարքը, որն ամրացված էր կետի մեջքին, «սարքի դիրքն ու արտաքին տեսքը հաստատում են, որ սա նույն այն կետն է, որը նախկինում դիտարկվել և որի հետ աշխատանքներ են տարվել Գերմանիայի ջրերում»։

10 մետր երկարությամբ ձագը համաշխարհային սենսացիա էր դարձել այն բանից հետո, երբ նրան նկատել էին գրեթե երկու ամիս առաջ Գերմանիայի ափերի մոտ, ծանծաղուտում, Տիմենդորֆեր լողափում։

Քանի որ նրա առողջական վիճակը վատթարանում էր, գերմանական իշխանությունները հրաժարվել էին կաթնասունին փրկելու փորձերից՝ հայտարարելով, որ, իրենց կարծիքով, նրան փրկելն անհնար է։ Սակայն համազգային բողոքից հետո Գերմանիայում երկու միլիոնատեր հայտարարել էին, որ պատրաստ են վճարել «ցանկացած գին» նրան փրկելու համար։

Փրկարարական փորձի ժամանակ, որը, ենթադրվում է, արժեցել է մոտ 1,5 մլն եվրո, Թիմիին հաջողվել է ավազոտ ծանծաղուտից տեղափոխել ջրով լցված բեռնանավակ, որը քարշող նավը դուրս էր քաշել գերմանական Լյուբեկ քաղաքի մոտ գտնվող Վիսմար ծոցից դեպի Դանիայի ափերի ավելի խոր ջրեր։ Միջազգային կետորսական հանձնաժողովը քննադատել էր այդ քայլը՝ այն անվանելով աննպատակահարմար, քանի որ երիտասարդ արուն, որին Թիմի էին անվանել այն լողափի պատվին, որտեղ նա ափ էր նետվել, «ծանր վնասվածքներ» էր ստացել և ազատ արձակվելուց հետո հազիվ թե կարողանար գոյատևել։

Գերմանիայի՝ Բալթիկ ծովի ափին գտնվող Շտրալզունդի օվկիանոսագիտական թանգարանի փորձագետները նույնպես խորհուրդ էին տվել Թիմիին հանգիստ թողնել՝ մեռնելու։

Երիտասարդ կետը նկարագրվում էր որպես թորշոմած, թույլ և բշտիկապատ՝ մի քանի շաբաթ քիչ աղի ջրում անցկացնելուց հետո։ Կարծիք էր հայտնվել, որ նա մասամբ ընկել էր ձկնորսական ցանցի մեջ։

Source: https://news.am/hy/news/1035981