Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարը թեժ վեճի մեջ է մտել դեմոկրատ կոնգրեսական Սեթ Մոուլթոնի հետ, որը համառորեն հարցեր էր տալիս Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի ընթացքի և դրա արդյունքների մասին, հայտնում է CNN-ը։

Մոուլթոնը մի քանի անգամ հարցաքննել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերին՝ Իրանում իշխանափոխության, նավթային հատվածի դեմ պատժամիջոցների արդյունավետության և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քուփերն ի պատասխան ընդգծել է, որ այդ հարցերը վերաբերում են քաղաքական որոշումներին, որոնցում ռազմական հրամանատարները ներգրավված չեն։

«Ինչպիսի՞ ծրագիր ունեք հիմա։ Ինչպիսի՞ ծրագիր ունեք հիմա այս պատերազմում իրականում հաղթելու համար։ Որովհետև թվում է, թե մենք պարտվում ենք։ Մենք չունենք միջուկային համաձայնագիր, նեղուցը բաց չէ, նախագահը խոսել է անվերապահ կապիտուլյացիայի մասին. արդյո՞ք դա ծրագրի մաս է»,- հարցրել է Մոուլթոնը։

«Կոնգրեսակա՛ն, մենք հասել ենք մեր բոլոր ռազմական նպատակներին, այժմ գործում է հրադադարի ռեժիմ, մենք իրականացնում ենք շրջափակում և պատրաստ ենք սցենարների լայն շրջանակի»,- պատասխանել է Քուփերը։

«Դե, դա հաջողության նման չէ։ Եվ ես կցանկանայի իմանալ՝ էլ քանի՞ ամերիկացու պետք է խնդրենք մեռնել այդ սխալի համար։ Դուք գիտե՞ք»,- շարունակել է Մոուլթոնը։

«Կարծում եմ՝ դա բոլորովին անտեղի հայտարարություն է Ձեր կողմից, պարո՛ն, ամենայն հարգանքով»,- պատասխանել է հրամանատարը։

«Դա հայտարարություն չէ, դա հարց է»,- հակադարձել է Մոուլթոնը։

Source: https://news.am/hy/news/1036721