Քվինսլենդ նահանգի ֆերմաներից մեկում ասիական վագրային վեց մոծակների հայտնաբերումը դարձել է Ավստրալիայի մայրցամաքային մասում այս ինվազիվ «սուպերվնասատուի» հայտնաբերման առաջին դեպքը, գրում է «Daily Mail»-ը:

Անհանգստացնող այս բացահայտումն արվել է Քվինսլենդի հյուսիսում գտնվող Բամագա քաղաքի մոտակայքում իրականացված պլանային մոնիթորինգի ժամանակ, ինչից հետո առողջապահական մարմինները հանդես են եկել հրատապ նախազգուշացմամբ:

Մասնագետները Քեյփ Յորք թերակղզու ողջ տարածքում միջատասպան նյութերի սրսկումներ կիրականացնեն և կփորձեն ոչնչացնել այդ մոծակներին, որոնց կծածը կարող է խիստ ցավոտ լինել:

Այս վտանգավոր տեսակի տարածումը թույլ չտալու համար Ավստրալիայի բնակիչներին հորդորում են տների շրջակայքից հեռացնել կանգնած ջրերը, կրել փակ պաշտպանիչ հագուստ և օգտագործել վանող միջոցներ։

Այս տեսակի հայրենիքը Հարավարևելյան Ասիան է, սակայն ժամանակի ընթացքում այն տարածվել է Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրներում՝ հիմնականում միջազգային բեռնափոխադրումների և ճանապարհորդությունների շնորհիվ:

Ասիական վագրային մոծակը փոքրիկ, սև միջատ է՝ բնորոշ սպիտակ գծերով, որոնցից մեկն անցնում է ուղիղ մեջքի երկայնքով:

Այս տեսակն աչքի է ընկնում առանձնահատուկ ագրեսիվությամբ. այն ակտիվ է ցերեկային ժամերին և բավականին ցավոտ խայթոց ունի:

Առանձնակի մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ այս մոծակներն ունակ են փոխանցել այնպիսի վիրուսային հիվանդություններ, ինչպիսիք են Դենգե տենդը, Զիկա և Չիկունգունյա վիրուսները:

Սիդնեյի համալսարանի միջատաբան Թոմ Շմիդտը խոստովանել է, որ զարմացած է, որ սա Ավստրալիայի մայրցամաքային հատվածում այս մոծակների հայտնաբերման առաջին դեպքն է։

«Կարծում եմ՝ սա առաջին դեպքն է, երբ միանգամից մի քանի առանձնյակ են հայտնաբերել մայրցամաքում, այլ ոչ թե օդանավակայանում կամ ծովային նավահանգստում», — ասել է նա ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Երբեմն դրանք հայտնվում են ավստրալական օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում, որից հետո նման դեպքերն օպերատիվորեն վերացվում են»։

Տորրեսի նեղուցի տարածաշրջանում այս մոծակները հայտնաբերվում են 2000-ականների կեսերից։

Այդուհանդերձ, մայրցամաքում դրանց հայտնվելու ցանկացած դեպք կարող է որպես լուրջ սպառնալիք դիտարկվել կենսաանվտանգության համար, քանի որ գոյություն ունի կայուն պոպուլյացիաների ձևավորման ռիսկ:

Ավստրալիայի գյուղատնտեսության, ձկնորսության և անտառային տնտեսության նախարարության տվյալներով՝ մոծակները երկիր են թափանցել, ամենայն հավանականությամբ, ձվերի կամ թրթուրների տեսքով՝ ջրակայուն այնպիսի բեռների միջոցով, ինչպիսիք են ավտոմեքենաների անվադողերը, արդյունաբերական սարքավորումները, մետաղական կոնստրուկցիաներն ու զբոսանավերը։

Դրանց ձվերը չափազանց դիմացկուն են և ունակ են ամիսներ շարունակ գոյատևել չոր պայմաններում։ Բացի այդ, դրանք պարբերաբար հայտնաբերվում են նաև ներկրվող «հաջողության բամբուկների» վրա։

Եթե Ավստրալիայի բնակիչները նկատեն ասիական վագրային մոծակ, նրանց խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում բռնել կամ մեկուսացնել միջատին և այդ մասին հայտնել երկրի գյուղատնտեսության, ձկնորսության և անտառային տնտեսության նախարարությանը։

Source: https://news.am/hy/news/1035847