Վատիկան կատարած իր պաշտոնական այցելության առաջին օրը՝ մայիսի 18–ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր պատվիրակության ընկերակցությամբ, հանդիպում է ունեցել կարդինալ Պարոլինի հետ: Վերջինս Վատիկանի վարչապետն է և համարվում է Պապից հետո երկրորդ կարեւոր անձը, հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսությունը։

Կարդինալը Վատիկանի վարչական, քաղաքական եւ արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի պատասխանատուն է։

Նորին Սրբությունը, առաջին հերթին, անդրադարձել է Լիբանանի կացությանը եւ գնահատել Լիբանանի նախագահի ու վարչապետի գլխավորությամբ կառավարության հետեւողական աշխատանքը:

Ապա, անդրադառնալով հարավային Լիբանանին՝ նա ասել է, որ Իսրայելը պետք է իր զինված ուժերը հետ քաշի հարավային Լիբանանից, երկրին բանակը ստանձնի ընդհանուր անվտանգությունը եւ Լիբանանի պետությունը վերահաստատի իր գերիշխանությունը բոլոր շրջաններում։ Հայրապետը նաեւ շեշտել է Լիբանանի բոլոր համայնքների միջեւ ներքին միասնականությունը ամրապնդելու հրամայականը եւ ջերմորեն ողջունել Լիբանանի գծով Վատիկանի ցուցաբերած զորակցությունը:

Ապա Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերներին՝ շեշտելով քրիստոնյաների արտագաղթը կասեցնելու հրամայականը եւ այս հարցում շրջանի եկեղեցիների դերը:

Արամ Ա. Կաթողիկոս բարձր է գնահատել Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների վերահաստատման գծով Վատիկանի ցուցաբերած շարունակական նեցուկը:

Խոսելով Արցախի մասին՝ Սրբազնագույն Հայրապետն ասել է, որ Արցախի ժողովրդի վերադարձը եւ նրա իրավունքների վերահաստատումը, եկեղեցիների ու պատմական կոթողների պաշտպանությունը եւ Բաքվում կալանավորված Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակումը մեր եկեղեցու ու ժողովուրդին համար հրամայական է: Այս ուղղությամբ Վեհափառ Հայրապետը կոչ է ուղղել Վատիկանի աջակցության:

Կարդինալ Պարոլին, իր հերթին, Արցախի եւ հատկապես բանտարկյալների ազատ արձակման գծով Վատիկանի կողմից կատարվող նախաձեռնությունների մասին որոշ լուսաբանություններ է փոխանցել:

Կարդինալ Պարոլին ողջունել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետին կողմից կատարված առաջարկը՝ Լիբանանի քրիստոնյայ հոգեւոր պետերի, ինչպես նաեւ Միջին Արեւելքի քրիստոնյա հոգեւոր պետերի՝ Վատիկանում հատուկ խորհրդակցական հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Կարդինալ Պարոլինին նվիրել է Աստվածամորը ներկայացնող հուշանվեր, ինչպես նաեւ Արցախի հայկական եկեղեցիների պատկերները բովանդակող երկու հատորներից բաղկացած հրատարակություն: Իսկ Կարդինալ Պարոլին Նորին Սրբությանը հուշանվեր է հանձնել:

Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ավարտին, Վեհափառ Հայրապետը առիթ է ունեցել առանձին զրույց ունենալ կարդինալի հետ՝ մի շարք զգայուն բնույթ ունեցող խնդիրների շուրջ:

Source: https://news.am/hy/news/1036501