Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն (ԱՄԷ) ուղղակիորեն ներգրավված են եղել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններում, հայտնում է «Մեհր» գործակալությունը։

«Իմ նախորդ հայտարարության մեջ ես չէի հիշատակել ԱՄԷ-ն՝ նախապատվությունը տալով միասնականության պահպանմանը և նպատակահարմար չհամարելով խոսել այդ մասին։ Սակայն պետք է անկեղծ լինեմ և ասեմ՝ ԱՄԷ-ն ուղղակի մասնակցություն է ունեցել իմ երկրի դեմ իրականացված ագրեսիվ գործողություններին։ Ավելին, երբ այդ ագրեսիան սկսվեց, նրանք նույնիսկ հրաժարվեցին դատապարտել այն»,- հինգշաբթի օրը Նյու Դելիում՝ ԲՐԻԿՍ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, նշել է Արաղչին։

«ԱՄԷ ներկայացուցիչը խոսում է միջազգային իրավունքի մասին, բայց խնդրում եմ, ասե՛ք ինձ՝ միջազգային իրավունքի ո՞ր նորմն է թույլ տալիս սատարել չհրահրված և անհիմն ագրեսիան»,- հավելել է իրանցի նախարարը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել էր Իսրայելի հետ «դավադրության մեջ մտնող» պետություններին պատասխանատվության ենթարկելու մասին։

«Իրանի մեծ ժողովրդի հետ թշնամությունը հիմար արկածախնդրություն է։ Իսկ Իսրայելի հետ դավադիր համաձայնության գալն աններելի է։ Նրանք, ովքեր պառակտում սերմանելու նպատակով համագործակցում են Իսրայելի հետ, պատասխանատվության կենթարկվեն», — X սոցիալական ցանցի իր էջում գրել է Արաքչին։

Այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ նա գաղտնի այց է կատարել ԱՄԷ և հանդիպել Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայեդի հետ։ Մինչդեռ ԱՄԷ-ն հերքել է Նեթանյահուի այցի մասին տեղեկությունը։

Բացի այդ, երկուշաբթի օրը The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄԷ-ն գաղտնի հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Պարսից ծոցի Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանին։

Source: https://news.am/hy/news/1035400