Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Աստանայում ներկայացվել են երկու երկրների մի շարք համատեղ ներդրումային նախագծեր, հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով Տոկաևի մամուլի ծառայությանը։

Երկրի տարբեր տարածաշրջաններում նախատեսվում է կառուցել գործարաններ, լոգիստիկ կենտրոն և լեռնահարստացուցիչ կոմբինատ, ինչը հնարավորություն կտա ավելի քան 3100 աշխատատեղ ստեղծել:

Մասնավորապես՝ Աբայի մարզում Miryıldız ընկերությունը մտադիր է կառուցել լեռնահարստացուցիչ կոմբինատ։ Ալմաթիում İskefe Holding-ը ծրագրում է գործարկել ժելատինի արտադրություն։ Թուրքեստանի մարզում Orzax Group-ը ստեղծում է կենսաբանորեն ակտիվ հավելումների ժամանակակից արտադրություն։ Ակտոբեում S Sistem Lojistik ընկերությունը «Կազպոչտա» ԲԲԸ-ի հետ համատեղ լոգիստիկ կենտրոն է ձևավորում միջազգային օդանավակայանի տարածքում։ Աստանայում Tiryaki Holding-ը կկառուցի ցորենի և ոլոռի խոր վերամշակման գործարան։

Պաշտոնական տվյալներով՝ ներկայում աշխատանքներ են տարվում ևս 50 համատեղ նախագծերի շրջանակում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ չորս միլիարդ դոլար: Դա արտացոլում է Ղազախստանի և Թուրքիայի միջև ներդրումային փոխգործակցության բարձր մակարդակը։

Այսօր՝ մայիսի 14-ին, Աստանայում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցկացրել են Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստը։

Source: https://news.am/hy/news/1035489