Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ռուիդոզո քաղաքի մոտակայքում կործանվել է փոքր բժշկական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել են օդանավպ բոլոր չորս անձինք, հայտնում է Associated Press-ը:

Լինքոլն շրջանի կառավարիչ Ջեյսոն Բերնսի խոսքով՝ կործանման պատճառն անհայտ է: ԱՄՆ Անտառային ծառայությունը հայտնել է, որ վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել, որի մակերեսը, ըստ նախնական գնահատականների, կազմում է մոտ 2 հեկտար:

Ինքնաթիռը օդ էր բարձրացել Ռոզուելի ավիացիոն կենտրոնից և ուղևորվում էր Սիերա Բլանկա տարածաշրջանային օդանավակայան: Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը կիրականացնեն ավիավթարի քննություն:

Ռուիդոզոն լեռնային քաղաք է, որն ունի 8000-ից պակաս բնակչություն և Նյու Մեքսիկո նահանգի հարավ-կենտրոնական մասում է՝ Սիերա Բլանկա լեռնաշղթայի ստորոտին: Շրջակա տարածքը, ներառյալ Լինքոլնի ազգային արգելոցը, խիտ անտառապատ է և գյուղական բնակավայր է:

Նյու Մեքսիկո նահանգի հարավում եղանակային պայմանները եղել են շոգ և չոր, իսկ Ռուիդոզոյի շրջանում հայտարարված է եղել հրդեհային բարձր վտանգավորության զգուշացում՝ ցածր խոնավության և քամու ուժգնացման պատճառով, որը կարող էր հասնել 56 կմ/ժ-ի:

Վերջին 18 ամսում բժշկական ինքնաթիռների մասնակցությամբ մի քանի խոշոր ավիավթարներ են տեղի ունեցել:

Source: https://news.am/hy/news/1035516