Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան հինգշաբթի գրանցել է իր առաջին միասեռական ամուսնությունը՝ կատարելով դատարանի որոշումները, որոնք երկրից պահանջում են ճանաչել արտերկրում գրանցված միասեռական ամուսնությունները, հայտնում է Associated Press-ը:

Նոյեմբերին Եվրոպական միության բարձրագույն դատարանը Լեհաստանին պարտավորեցրել էր գրանցել ԵՄ այլ երկրներում կնքված միասեռական ամուսնությունները, նույնիսկ եթե լեհական օրենսդրությունը ներկայում դա թույլ չի տալիս:

Մարտին Լեհաստանի բարձրագույն վարչական դատարանը, հղում անելով այդ որոշմանը, իշխանություններին պարտավորեցրել էր ճանաչել Գերմանիայում կնքված երկու լեհերի ամուսնությունը:

«Այսօր առավոտյան մենք տրամադրել ենք միասեռական զույգի ամուսնության վկայականի առաջին պատճենը՝ ըստ դատարանի որոշումների»,- հայտնել է Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրժասկովսկին:

Լեհաստանի մայրաքաղաքի քաղաքապետը միաժամանակ խոստացել է, որ քաղաքն ակտիվորեն կճանաչի ԵՄ այլ երկրներում գրանցված լեհական այլ միասեռական ամուսնությունները նույնիսկ առանց դատարանի հատուկ որոշման:

Ավելի վաղ այս շաբաթ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ իր կառավարությունը հնարավորինս շուտ կգտնի որոշումները կատարելու ուղիներ, և, դիմելով միասեռական զույգերին, ներողություն է խնդրել «բոլոր նրանցից, ովքեր երկար տարիներ իրենց մերժված և նվաստացած են զգացել»:

Source: https://news.am/hy/news/1035483