Թրամփի վարչակազմը հայտարարել է հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանիի հիմնադրած ընկերության հետ 275 միլիոն դոլարի հաշտության համաձայնության հասնելու մասին՝ Իրանի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցների ենթադրյալ «կոպիտ» խախտումների պատճառով, հայտնում է Politico-ն։

ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է, որ Adani Enterprises Limited-ը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Դուբայում տեղակայված առևտրային միջնորդից գնել է 191 միլիոն դոլարի հեղուկացված նավթային գազ և անտեսել է «կարմիր դրոշակները» զգուշացնող նշանները, որոնք մատնանշում էին, որ էներգակիրը կարող էր իրանական ծագում ունենալ։

Ֆինանսների նախարարության պաշտոնյաները պնդում են, որ Ադանիի ընկերությունը նավերի պատշաճ ստուգում չի իրականացրել և «գործել է անխոհեմաբար»՝ անտեսելով զգուշացումներն այն մասին, որ ներմուծվող հեղուկ գազը կարող էր ունենալ իրանական ծագում, ինչպես նաև հաշվի չի առել բեռների ծագման և գնագոյացման տնտեսական, առևտրային ու լոգիստիկ անճշմարտացիությանը։

OFAC-ը հայտարարել է, որ «ենթադրյալ խախտումները եղել են կոպիտ և ընկերության կողմից կամավոր չեն բացահայտվել»։

Adani Enterprises-ը, որը հիմնադրել և որպես խորհրդի նախագահ գլխավորում է Ադանին, համաձայնագրի շրջանակում մեղքը չի ընդունել։

Համաձայնությունը կնքվել է իրանական էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու ԱՄՆ ֆինանսների նախարարության ջանքերի ֆոնին՝ «Տնտեսական կատաղություն» կոչվող արշավի շրջանակում, որն ուղղված է Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելուն։ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը G7-ի դաշնակիցներին կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները։

Թրամփի վարչակազմը վերջին օրերին ձգտում է կարգավորել նաև Ադանիի և նրա ընկերությունների դեմ իրականացվող այլ հետաքննություններ։ Ադանին Ասիայի ամենահարուստ մարդկանցից է և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մտերիմ դաշնակիցը։

The New York Times-ն անցյալ շաբաթ հայտնել էր, որ Արդարադատության նախարարությունը պատրաստվում է հանել Ադանիի դեմ ներկայացված խարդախության մեղադրանքները։ Ադանիի իրավաբանական թիմի մեջ է մտնում նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբաններից մեկը՝ Ռոբերտ Ջուֆրա կրտսերը։ Ըստ The New York Times-ի տվյալների՝ Ադանիի թիմը քրեական գործը փակելու շուրջ Արդարադատության նախարարության հետ բանակցությունների շրջանակում առաջարկել է 10 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ։

ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) անցյալ շաբաթ ևս հայտարարել էր խարդախության զուգահեռ գործով հաշտության համաձայնության մասին՝ միլիարդատիրոջ հետ հասնելով 6 միլիոն դոլարի կարգավորման։

Source: https://news.am/hy/news/1036403