Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ուրբաթ օրվա սակարկություններն ավարտել են պատմական առավելագույն ցուցանիշներով։

Անցած շաբաթվա արդյունքներով Dow Jones Industrial Average-ն աճել է 0,9%-ով, S&P 500-ը՝ 1,4%-ով, իսկ Nasdaq Composite-ը՝ 2,4%-ով։ Ընդ որում, S&P 500-ն արդեն իններորդ շաբաթն անընդմեջ փակվում է դրական ցուցանիշով. նման երկարատև աճ չէր գրանցվել 2023 թվականի դեկտեմբերից ի վեր։

Ընդհանուր առմամբ, մայիսին Dow Jones-ն արձանագրել է 2,8% աճ, S&P 500-ը՝ 5,2%, իսկ Nasdaq-ը՝ 8,4%։

Ուրբաթ օրը Dell Technologies-ի բաժնետոմսերի գինը կտրուկ թռիչք է գրանցել՝ աճելով 32,8%-ով։ Համակարգչային տեխնիկայի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն առաջին ֆինանսական եռամսյակում (որն ավարտվել է մայիսի 1-ին) ռեկորդային հասույթ և մեկ բաժնետոմսի հաշվով զուտ շահույթ է ապահովել՝ արհեստական բանականության (ԱԲ) արտադրանքի նկատմամբ բարձր պահանջարկի շնորհիվ։ Բացի այդ, ընկերությունը բարելավել է տարեկան կանխատեսումները։

Այս ֆոնին Dell-ի մրցակիցներ Hewlett Packard Enterprise և Super Micro Computer ընկերությունների բաժնետոմսերի արժեքը նույնպես զգալիորեն աճել է՝ համապատասխանաբար 12,6%-ով և 11,6%-ով։

Microsoft Corp. և Oracle Corp. ընկերությունների բաժնետոմսերի գները բարձրացել են համապատասխանաբար 5,5%-ով և 10,8%-ով՝ այն լուրերի ֆոնին, որ Anthropic արհեստական բանականության (ԱԲ) ստարտափը ֆինանսավորման հերթական հաջող փուլն է անցկացրել։

«Շուկայում միանշանակ ԱԲ-ի շուրջ էյֆորիա է տիրում։ Այս վերելքը մեծապես պայմանավորված է ընկերությունների հաշվետվություններով»,- նշել է Wells Fargo-ի ֆոնդային շուկայի գլխավոր վերլուծաբան Օսունգ Կվոնը՝ խորհուրդ տալով գնել ԱԲ ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը։

International Business Machines-ի (IBM) թղթերը թանկացել են 12,7%-ով։ IBM-ը և նրա դուստր ձեռնարկություն Red Hat-ը հայտարարել են Lightwell նախագծում 5 միլիարդ դոլար ներդնելու մտադրության մասին, որի նպատակն է օգնել բիզնեսին պաշտպանել բաց կոդով ծրագրային ապահովումը։

Salesforce Inc.-ի բաժնետոմսերն աճել են 8,5%-ով, Robinhood Markets-ինը՝ 11,2%-ով, Honeywell International-ինը՝ 2,1%-ով, Goldman Sachs Group-ինը՝ 1,7%-ով, իսկ Boeing Co.-ինը՝ 1%-ով։

Մինչդեռ Gap-ի բաժնետոմսերի գները գահավիժել են 15,4%-ով։ Հագուստի խանութների մի քանի ցանցերի սեփականատերը ընթացիկ ֆինանսական տարվա (որը մեկնարկել է մարտին) հասույթի աճի կանխատեսումը նախկին 2-3%-ից իջեցրել է 1-2%-ի։

Հագուստի մեկ այլ ռիտեյլերի՝ American Eagle Outfitters-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 11,8%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է ընթացիկ ֆինանսական եռամսյակում համախառն շահութաբերության սպասվող անկման մասին։

Costco Wholesale-ի արժեքը նվազել է 3,9%-ով։ ԱՄՆ-ում պահեստ-խանութների խոշորագույն ցանցի օպերատորը երրորդ ֆինանսական եռամսյակում (որն ավարտվել է մայիսի 10-ին) զուտ շահույթն ավելացրել է 15,2%-ով, ինչը, սակայն, զիջել է փորձագետների սպասումներին։

Բացի այդ, նվազել են նաև մի շարք այլ խոշոր ընկերությունների բաժնետոմսերի գները. Walmart Inc.-ը նվազել է 2,7%-ով, Alphabet Inc.-ը՝ 2,5%-ով, Intel Corp.-ը՝ 5,1%-ով, Nvidia Corp.-ը՝ 1,5%-ով, Tesla-ն՝ 1,4%-ով, Amazon.com Inc.-ը՝ 1,2%-ով, Apple Inc.-ը՝ 0,1%-ով, Chevron Corp.-ը՝ 0,3%-ով, իսկ Exxon Mobil-ը՝ 1,2%-ով։

Dow Jones Industrial Average ինդեքսն ուրբաթ օրն աճել է 363,49 կետով (0,72%) և կազմել 51032,46 կետ։

Standard & Poor's 500-ի արժեքը սակարկությունների արդյունքում բարձրացել է 16,43 կետով (0,22%)՝ հասնելով 7580,06 կետի։

Nasdaq Composite ինդեքսն ավելացել է 55,15 կետով (0,20%) և աշխատանքային օրն ավարտել 26972,62 կետի մակարդակում։

Source: https://news.am/hy/news/1039859