ԱՄՆ դատախազությունը ինսայդերական առևտրի մեղադրանք է ներկայացրել Google-ի մի աշխատակցի, որը կասկածվում է ընկերության փակ տվյալներն օգտագործելու միջոցով «Polymarket» կանխատեսումների հարթակում ավելի քան 1,2 միլիոն դոլար վաստակելու մեջ, հայտնում է Associated Press-ը:
Ըստ գործի նյութերի՝ մեղադրյալը 36-ամյա Միկելե Սպանյուոլոն է՝ Շվեյցարիայում բնակվող Իտալիայի քաղաքացի, որը Google-ում աշխատում է 2014 թվականից։ Քննությունը պնդում է, որ նա «AlphaRaccoon» կեղծանվան ներքո օգտագործել է Google-ի ներքին տվյալները 2025 թվականի ամենահանրահայտ որոնողական հարցումների վերաբերյալ՝ դրանց պաշտոնական հրապարակումից դեռ առաջ։
Խոսքը Google-ի ամենամյա «Year in Search» զեկույցի մասին է, որտեղ ընկերությունը հրապարակում է տարվա գլխավոր որոնողական թրենդները (միտումները)։ Դատախազության վարկածով՝ Սպանյուոլոն հետևել է որոնողական հարցումների ներքին վիճակագրության փոփոխություններին և Polymarket-ում խաղադրույքներ կատարել այն մասին, թե որ մարդիկ կհայտնվեն թրենդների առաջատար դիրքերում։
Մասնավորապես, սկզբում նա խաղադրույք է կատարել այն բանի վրա, որ որոնումներում ամենահանրահայտ մարդը կդառնա ռեփեր Քենդրիկ Լամարը, սակայն ավելի ուշ Google-ի ներքին տվյալները, իբր, ցույց են տվել երգիչ D4vd-ի վերաբերյալ հարցումների կտրուկ աճ։ Դրանից հետո Սպանյուոլոն փոխել է իր խաղադրույքները։
Դեկտեմբերի 4-ին պաշտոնական վարկանիշի հրապարակումից հետո AlphaRaccoon հաշիվը մեծ շահույթ է ստացել, իսկ ավելի ուշ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ/FBI) հետագծել է այդ գործառնությունների հետ կապված կրիպտոարժութային գործարքները։
Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազ Ջեյ Քլեյթոնը հայտարարել է, որ այս գործը պետք է ազդանշան դառնա կորպորատիվ աշխատակիցների համար: «Ինսայդերական առևտուրը խարխլում է մեր շուկաների ամբողջականությունը, և ամերիկացիները ցանկանում են, որ նմանատիպ ագահությունը հետաքննվի ու հետապնդվի օրենքով»,- ընդգծել է նա։
Google-ը հաստատել է, որ աշխատակիցն ուղարկվել է վարչական արձակուրդ։ Ընկերությունից հայտնել են, որ նյութերին հասանելիությունը ստացվել է ներքին գործիքի միջոցով, որը հասանելի է բազմաթիվ աշխատակիցների, սակայն գաղտնի տեղեկատվության օգտագործումը խաղադրույքների համար «ընկերության քաղաքականության լուրջ խախտում է»։
Polymarket-ը նույնպես հայտնել է իրավապահ մարմինների հետ համագործակցության մասին և ընդգծել, որ բլոկչեյն-գործարքները «թափանցիկ են և հետագծելի»։
Սա արդեն առաջին նմանատիպ սկանդալը չէ Polymarket-ի շուրջ։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները մեղադրանք էին ներկայացրել ամերիկյան հատուկ ջոկատայինների մի զինծառայողի, որն ավելի քան 400 հազար դոլար էր վաստակել Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ իրականացված գործողության հետ կապված խաղադրույքներով։
Այս գործերի ֆոնին ուժեղանում է ուշադրությունը «prediction markets» (կանխատեսումների շուկաներ) հարթակների նկատմամբ, որոնք թույլ են տալիս խաղադրույքներ կատարել տարբեր իրադարձությունների ելքերի վրա։ Ոլորտն ակտիվորեն աճում է, սակայն իշխանություններն ու փորձագետները հետզհետե ավելի հաճախ են բարձրացնում կարգավորման, օգտատերերի պաշտպանության և ոչ հանրային տեղեկատվության օգտագործման հարցերը։
Սպանյուոլոյին մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով, որոնց թվում՝ խարդախության, փողերի լվացման և ապրանքային շուկաների վերաբերյալ ամերիկյան օրենսդրության խախտման համար։ Նրան կարող է սպառնալ բազմամյա բանտարկություն։
Source: https://news.am/hy/news/1039218
Business
Google-ի աշխատակցին մեղադրել են որոնողական գաղտնի տվյալների միջոցով 1,2 միլիոն դոլար վաստակելու մեջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։