Ղազախստանի դատարանը թույլատրել է «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերությանը 1,4 միլիարդ դոլարի հայցի շրջանակում բռնագանձել ռուսական «Գազպրոմի»՝ երկրում գտնվող ակտիվները։ «Սա օտարերկրյա դատարանի առաջին հրապարակային որոշումն է, որը թույլ է տալիս տվյալ արբիտրաժային վճիռը հարկադիր կատարման ներկայացնել առանձին իրավազորության ներքո»,- հայտնել է «Նավթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկին։ Նա ընդգծել է, որ ուկրաինական ընկերությունը շարունակելու է համակարգված աշխատանք իրականացնել ռուսական գազային մենաշնորհատիրոջից ստացած այդ գումարը բռնագանձելու ուղղությամբ։

«Նավթոգազի» և «Գազպրոմի» միջև վեճն առաջացել է 2019 թվականին կնքված պայմանագրի պատճառով, որով նախատեսվում էր ռուսական գազի տարանցում ապահովել Ուկրաինայի տարածքով։ 2022-ին պատերազմի սկսվելուց հետո դադարեցվել է Լուգանսկի մարզի «Սոխրանովկա» կայանով տարանցումը, սակայն մատակարարումները շարունակվել են «Սուջա» կետով։ «Նավթոգազում» հայտարարել են, որ դրա հետևանքով ռուսական ընկերությունը դադարել է ամբողջությամբ վճարել պայմանագրով նախատեսված ծառայությունների համար։ 2022-ի սեպտեմբերին ուկրաինական կողմը արբիտրաժային գործընթաց է սկսել Շվեյցարիայում։ 2025-ի հունիսին արբիտրաժը պարտավորեցրել է «Գազպրոմին» վճարել 1,4 միլիարդ դոլարի պարտքը, ինչպես նաև հոգալ դատական ծախսերը։ Ռուսական կողմը փորձել է բողոքարկել որոշումը, սակայն Շվեյցարիայի Դաշնային դատարանը 2026-ի մարտին այն վերջնականապես թողել է ուժի մեջ։

Reuters-ի հաշվարկներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր «Գազպրոմի» նախկին գործընկերների ընդհանուր պահանջները կազմում են առնվազն 19,5 միլիարդ եվրո։ Պայմանագրային պարտավորությունների խախտման հիմքով «Գազպրոմի» դեմ հայցեր են ներկայացրել «Նավթոգազը», ֆիննական Gasum-ը, ֆրանսիական Engie-ն, իտալական Eni-ն, սլովակյան ZSE Energia-ն և ավստրիական OMV-ն։ Դատարան են դիմել նաև գերմանական RWE-ն ու Unipro-ն, չեխական Net4gas-ն ու Innogy Energie-ն, հոլանդական Gasunie Transport Services-ն ու BBL Company V.O.F-ը, շվեյցարական DXT Commodities-ը և հունական DEPA-ն։

Source: https://news.am/hy/news/1037201