Իրաքի Կիրկուկ քաղաքի շրջանի Ալ-Սադա Ալ-Մաշայիխ գյուղի գլխավոր ոռոգման ջրանցքով տարածվող նավթային բծերի արտահոսքը մտահոգություններ է առաջացրել ընդլայնվող էկոլոգիական սպառնալիքի վերաբերյալ, հայտնում է Shafaq News-ը:

Տեղի բնակիչները հայտնում են ցանքատարածություններին հասցված տեսանելի վնասների և անասունների համար աճող ռիսկերի մասին:

Բնակիչ Ահմեդ Մահմուդը Shafaq News-ին հայտնել է, որ աղտոտումը ջրանցքի շրջակայքում նավթամթերքի ուժեղ հոտ է առաջացրել՝ մտահոգություն հայտնելով, որ աղտոտվածությունը կարող է թափանցել հողի և գրունտային ջրերի մեջ։

«Գյուղը գրեթե ամբողջությամբ կախված է այս ջրանցքից իր ամենօրյա գյուղատնտեսական գործունեության մեջ»,- ասել է նա:

Ըստ ագարակատեր Հասան Խալիլի՝ մի քանի անասնատերեր նկատել են, որ կենդանիները հրաժարվում են ջուր խմել ջրանցքից՝ ջրի գույնի և հոտի փոփոխության պատճառով։

«Շարունակվող աղտոտումը կարող է զգալի տնտեսական կորուստների հանգեցնել բնակիչների համար, հատկապես գյուղատնտեսական սեզոնի մոտենալուն զուգընթաց»,- նշել է նա:

Նա հավելել է, որ գյուղում նախորդ տարիներին ևս տեղի են ունեցել նմանատիպ միջադեպեր, սակայն նախկինում ձեռնարկված միջոցառումները եղել են ժամանակավոր և չեն կարողացել ամբողջությամբ լուծել խնդիրը:

Բնակիչները միաժամանակ Շրջակա միջավայրի դեպարտամենտին, «North Oil Company» նավթային ընկերությանը և տեղական իշխանություններին կոչ են արել՝ տեղայնացնել աղտոտումը, մաքրել ջրանցքը և անցկացնել հողի ու ջրի հետազոտություններ՝ նշելով, որ արտահոսքին չարձագանքելը կարող է հանգեցնել երկարաժամկետ էկոլոգիական և սանիտարական վնասների:

Իրաքը 2025 թվականի վերջի դրությամբ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակով, ընդ որում՝ օրական ավելի քան հինգ միլիոն խորանարդ մետր չմաքրված կեղտաջրեր են թափվում նրա գետերը: Օդի աղտոտվածությունը, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ջուրը և չկառավարվող թափոններն ավելի ու ավելի են ազդում հանրային առողջության, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների վրա: Երկրում տարեկան առաջանում է շուրջ 23 միլիոն տոննա կենցաղային թափոն, իսկ աղտոտված ջուրը վնասում է երկրի ջրային ուղիների մինչև 90%-ը:

Source: https://news.am/hy/news/1035789