ԱՄՆ վարչակազմը երեքշաբթի նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական արժույթի փոխանակման կետի և միջնորդ ընկերությունների ցանցի դեմ, որոնք, ինչպես պնդում է Վաշինգտոնը, գործառնություններ են իրականացրել իրանական բանկերի անունից:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանում տեղակայված Amin Exchange ընկերության դեմ, որը հայտնի է նաև որպես Ebrahimi and Associates Partnership Company: Գերատեսչության տվյալներով՝ այս կառույցը կառավարում էր կեղծ ընկերությունների լայն ցանց մի քանի իրավասություններում, ներառյալ՝ ԱՄԷ-ում, Թուրքիայում և Հոնկոնգում:

Բացի դրանից, ԱՄՆ-ն արգելափակել է 19 նավերի գործունեությունը, որոնք, ինչպես հայտարարվում է, օգտագործվել են իրանական նավթը և նավթաքիմիական արտադրանքը օտարերկրյա գնորդներին տեղափոխելու համար:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ իրանական փոխանակման կետերը տարեկան միլիարդավոր դոլարների արտարժութային գործառնություններ են իրականացնում՝ օգնելով կառավարությանը շրջանցել պատժամիջոցները և հասանելիություն ստանալ միջազգային ֆինանսական համակարգին: Գերատեսչությունը պնդում է, որ կեղծ ընկերությունները վերահսկել են հարյուր միլիոնավոր դոլարների գործարքներ իրանական բանկերի անունից:

ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցների ցանկում է ներառել նաև մի շարք ընկերությունների, որոնք, Վաշինգտոնի վարկածով, օգնել են Amin Exchange-ին.

չինական Ningbo Jiarui Trading Co., Ltd. ընկերությունը,

հոնկոնգյան Starshine Petrochemical Corporation Limited, Vigorous Trading Limited, Bestfortuna Company Limited և Cheng Pan Co., Limited ընկերությունները,

էմիրաթական Alieen Goods Wholesalers LLC, Bold Trading FZE և Materium Group FZE ընկերությունները:

Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ում այս ընկերությունների բոլոր ակտիվների սառեցում, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների և կազմակերպությունների համար նրանց հետ բիզնես վարելու արգելք:

Սահմանափակումների տակ են հայտնվել նաև իրանական ծագման նավթ և նավթամթերք տեղափոխող նավերը, դրանց թվում՝

Great Sail գազատար նավը՝ Բարբադոսի դրոշի ներքո,

Ocean Wave նավթատար լցանավը՝ Պալաուի դրոշի ներքո,

Swift Falcon քիմիական և նավթային լցանավը՝ Պանամայի դրոշի ներքո:

Source: https://news.am/hy/news/1036708