Journal of Financial Economics-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ COVID-19 համավարակի ընթացքում աջակցության ծրագրերի շրջանակում տեղի ունեցած ֆինանսական չարաշահումները կարող էին նկատելի ազդեցություն ունենալ ԱՄՆ բնակարանային շուկայի վրա։ Աշխատանքը կատարվել է Օսթինի Տեխասի համալսարանի McCombs School of Business-ի հետազոտողների կողմից։
Հեղինակները նշել են, որ բիզնեսի վարկային աջակցության պետական ծրագրի (Paycheck Protection Program, PPP) շրջանակում խարդախությունը կարող էր բացատրել 2020–2021 թվականներին բնակարանների գների աճի մոտ 22,5 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում տների միջին գինը 2019 թվականի վերջից մինչև 2022 թվականի վերջ աճել է մոտ 35 տոկոսով։
PPP ծրագիրը ստեղծվել էր համավարակի ընթացքում փոքր բիզնեսին աջակցելու համար, սակայն դրա շտապ գործարկման պատճառով վերահսկողական մեխանիզմները բավականաչափ խիստ չէին։ Վարկերը տրամադրվում էին բանկերի և ֆինտեխ-ընկերությունների միջոցով, ինչը մեծացնում էր չարաշահումների վտանգը։
Ավելի վաղ հետազոտողներն արդեն գնահատել էին կասկածելի վարկավորման ծավալները առնվազն 117 միլիարդ դոլարի չափով, սակայն նոր աշխատանքում նրանք կենտրոնացել են այս երևույթի հետևանքների վրա անշարժ գույքի շուկայի համար։
ԱՄՆ գրեթե 19 հազար փոստային գոտիների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ․
• կասկածելի վարկերի բարձր կենտրոնացում ունեցող շրջաններում բնակարանների գների աճը 5,8 տոկոսով ավելի բարձր է եղել
• նման վարկեր ստացողները 17 տոկոսով ավելի հաճախ են անշարժ գույք գնել
• ազդեցությունն ավելի ուժեղ է եղել բնակարանի սահմանափակ առաջարկ ունեցող տարածաշրջաններում։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ խարդախության ազդեցությունը կարող էր ավելի ուժեղ լինել, քան համավարակի ժամանակվա շուկայի այլ լայնորեն քննարկվող գործոնները՝ ներառյալ հեռավար աշխատանքը և բնակչության ներքին միգրացիան։
Հեղինակների կարծիքով՝ խնդիրը միայն պետության կորուստները չէին, այլ նաև այն, որ արհեստականորեն ստեղծված լրացուցիչ պահանջարկը հանգեցրել էր գների աճի, ինչը հարվածել էր սովորական բնակարան գնողներին։
Լրացուցիչ պարզվել է, որ կասկածելի միջոցներ ստացողները մեծացրել են սպառումը․ ավելի հաճախ էին գրանցում ավտոմեքենաներ, ինչպես նաև ավելի ակտիվորեն ծախսում էին գումարներ խանութներում, ռեստորաններում և այլ ծառայությունների ոլորտներում։
Հետազոտողները նախազգուշացնում են, որ նման ծրագրերի երկարաժամկետ հետևանքները կարող են դրսևորվել ավելի ուշ՝ ինչպես անցյալ ճգնաժամերի ժամանակ անշարժ գույքի շուկայի գերակտիվացումն էր հանգեցրել ֆինանսական ցնցումների։
Source: https://news.am/hy/news/1039382
Business
Բնակարանների գնի աճի անսպասելի գործոն․ ինչպես է խարդախությունն ազդել ԱՄՆ շուկայի վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։