Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի և «Վալլեքս» խմբի բաժնետեր Վալերի Մեջլումյանի քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ մեղադրանքի՝ Նալբանդյանը Մեջլումյանի դրդմամբ, չարաշահելով լիազորությունները, կեղծ պաշտոնական գրություն է տրամադրել, որի հիման վրա Ալավերդու մարզադաշտի և ճոպանուղու հողատարածքները գրանցվել են գործարարին պատկանող ընկերության անվամբ։ Համայնքին պատճառվել է ավելի քան 11 մլն դրամի վնաս։ Այս մասին գրում է «Հետքը»։

Մասնավորապես՝ մեղադրանքի համաձայն, Արթուր Նալբանդյանը 2005-2011 թվականներին եղել է Ալավերդու քաղաքապետ։ Իր պաշտոնի ուժով նա պարտավոր էր վերահսկել, որ համայնքի հողերն օգտագործվեն օրենքին համապատասխան։ Սակայն՝ 2006թ. ապրիլի 27-ին նա պաշտոնական գրություն է տրամադրել, որում նշել է, թե Ալավերդի համայնքում գտնվող Թբիլիսյան խճուղու մարզադաշտի զբաղեցրած 1.2 հա և Մարքսի փողոցի Սանահին/Սարահարթի ճոպանուղու զբաղեցրած 0.078 հա հողամասերը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չեն: Այսինքն՝ հողեր, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չեն փոխանցվում։

Դրա հետևանքով Ալավերդի քաղաքի մարզադաշտի և ճոպանուղու հողատարածքները դուրս են եկել Ալավերդի համայնքի հողային ֆոնդից և պայմաններ են ստեղծվել այդ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և դրանց հետագա օտարման համար։ Այդ գրության հետևանքով Ալավերդի համայնքին պատճառվել է մոտ 11 մլն 56 հազ. դրամի վնաս։

Մեղադրանքի համաձայն՝ «Վալլեքս» խմբի բաժնետեր ու իրական շահառու և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության հիմնադիր Վալերի Մեջլումյանը, ուղղակի շահագրգովածություն է ունեցել մարզադաշտի և ճոպանուղու հողամասերի' սեփականության իրավունքի գրանցման հարցում։ Նա, օգտագործելով իր անձնական կապերն ու ազդեցությունը, Ալավերդի քաղաքում վայելելով մեծ հեղինակություն, նպատակ է ունեցել մի շարք հողամասերի նկատմամբ ունեցած վարձակալության իրավունքը որոշակի պայմաններով փոխարինել սեփականության իրավունքով:

Ըստ մեղադրանքի՝ Մեջլումյանը դրդել է Արթուր Նալբանդյանին և վերջինիս գրության հիման վրա էլ գրանցվել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականության իրավունքը մարզադաշտի և ճոպանուղու հողերի նկատմամբ՝ համայնքին պատճառելով վնաս։

Նշենք, որ գործը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել երեկ՝ 2026թ. ապրիլի 18-ին։ Մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին, սակայն վարույթը ստանձնելու հարցը դեռ որոշված չէ։

Source: https://news.am/hy/news/1036504