Ադրբեջանը 2025 թվականին ՌԴ է մատակարարել 700,6 հազար տոննա միրգ-բանջարեղենային արտադրանք, ինչը 17,8 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին (594,8 հազար տոննա), հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»՝ ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլիի հանդիպման արդյունքներով։

Այս տվյալները գրանցվել են «Արգուս-Ֆիտո» ֆիտոսանիտարական վերահսկողության գրասենյակում։

2026 թվականի սկզբից մատակարարվել է 155,2 հազար տոննա։ Ընդ որում՝ սոխի ներմուծումն աճել է 12,3 անգամ՝ 22 տոննայից հասնելով 271 տոննայի, ելակինը՝ 4,3 անգամ՝ 1,9 հազար տոննայից մինչև 8,1 հազար տոննա, կարտոֆիլինը՝ 41,9 տոկոսով՝ 4,8 հազարից մինչև 6,7 հազար տոննա, տանձինը՝ 37,4 տոկոսով՝ 2 հազարից մինչև 2,7 հազար տոննա։

Աճում են նաև այլ արտադրանքների մատակարարումները։ «ՎետԻՍ»- գրասենյակի 2026 թվականի մայիսի 8-ի տվյալներով՝ տարեսկզբից Ադրբեջանից ՌԴ է ներմուծվել 3,9 հազար տոննա ձուկ և ծովամթերք, ինչը 43 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ (2,8 հազար տոննա)։

Միևնույն ժամանակ ՌԴ-ն ավելացնում է կենդանիների արտահանումն Ադրբեջան։ 2025 թվականին արտահանվել է 63,8 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչը 1,6 անգամ ավելի է, քան 2024 թվականին (38,6 հազար գլուխ), ինչպես նաև 116,7 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն (վեց անգամ ավելի)։

Ադրբեջանական կողմի՝ խոշոր և մանր եղջերավոր անասունների ներմուծմամբ հետաքրքրված լինելու կապակցությամբ Դանկվերտը հայտնել է կենդանիների նույնականացման, էպիզոոտիկ իրավիճակի մոնիթորինգի և սահմանին անասնաբուժական վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքի մասին։ Նա նաև հայտնել է ռուսական պատվաստանյութերի մատակարարման պատրաստակամության մասին՝ ուշադրություն հրավիրելով ՌԴ-ում ռուսական և արտասահմանյան պատվաստանյութերի, կերային հավելումների և մի շարք դեղագործական սուբստանցիաների որակի ու արտադրության նկատմամբ ուժեղացված վերահսկողության վրա, որն իրականացնում է «Ռոսսելխոզնադզորը»։

Source: https://news.am/hy/news/1035626