Ադրբեջանի օգնությունը թույլ է տվել Ուկրաինային հաղթահարել ձմեռային ծանր շրջանը։ Այս մասին Բաքվի էներգետիկ 31-րդ համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ադրբեջանը զգալի ավանդ է ներդրել անցած ձմռան ամենադժվար ժամանակահատվածում մեր դիմակայունությունն ապահովելու գործում։ Մեր ադրբեջանցի գործընկերներն ապահովել են գեներատորների, տրանսֆորմատորների, կաբելային արտադրանքի և կենսական նշանակություն ունեցող այլ սարքավորումների մատակարարումը»,- նշել է նա։

Շմիգալն ընդգծել է, որ Ադրբեջանի աջակցությունը թույլ է տվել Ուկրաինային դիմակայել ձմռանը։

«Այսօր այն նպաստում է գալիք ձմեռային սեզոնին մեր նախապատրաստվելուն։ Ընդհանուր առմամբ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ադրբեջանը հայտարարել է Ուկրաինային էներգետիկ աջակցության 11 փաթեթ տրամադրելու մասին»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։

Շմիգալը նշել է, որ Ուկրաինայում «անսահմանորեն երախտապարտ են դրա համար»։

«Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և էներգետիկայի նախարար Պարվիզ Շահբազովին։ Մենք բարձր ենք գնահատում նման համերաշխությունը և սրտանց շնորհակալ ենք դրա համար։ Համատեղ շահերի ընդհանուր գիտակցումը շարունակում է ձևավորել մեր համագործակցության և փոխադարձ աջակցության հիմքը»,- հայտարարել է Շմիգալը:

Source: https://news.am/hy/news/1040003