«Սկզբնական շրջանում երկմտում էինք՝ մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Բայց քարոզարշավի այս օրերի ընթացքում ամրապնդվեց այն համոզումը, որ մասնակցելը ճիշտ է, քանի որ ժողովրդի մի զգալի հատված կա, որը հենց մեր խոսքն է ուզում լսել»։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ազգային-ժողովրդավարական Բևեռ» կուսակցության պատգամավորի թեկնածու Ներսես Գևորգյանը՝ նշելով, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում կուսակցության անդամները հանդիպումներ են ունենում մարզերում, Երևանում, բացի այդ՝ կուսակցությունն իր Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը հանրությանը ներկայացնում է սոցիալական հարթակների, ԶԼՄ–ների միջոցով։

«Ժողովրդի զգալի զանգվածը հենց մեր խոսքն է ուզում լսել․ Արցախի հարցի վերաբերյալ, որից մենք չենք հրաժարվում, մենք չենք ուզում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի լծի տակ ապրել։ Մենք ուզում ենք մեր ինքնիշխանությունը, մեր հոգևոր արժեքները պահպանելով առաջ գնալ»,–հավելեց նա։

Հարցին, թե ինչպես են գնահատում իրենց շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի մանդատ են ակնկալում ստանալ խորհրդարանում, Ներսես Գևորգյանը պատասխանեց․

«Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած ելք կարելի է ակնկալել։ Տարբեր ուժերի համար այս իրավիճակում ցանկացած ելք հավանական է դարձել, այդ պատճառով այս իրավիճակում կանխատեսումներ անելն այդքան էլ ճիշտ չէ։ Իմ կարծիքն այն է, որ մենք շատ լավ շանսեր ունենք ոչ միայն խորհրդարան անցնելու, այլև զգալի դեր ունենալու»։

Անդրադառնալով հարցին այն մասին, թե հետընտրական շրջանում քաղաքական որ ուժերի հետ համագործակցությունն են հնարավոր համարում, և որ ուժերի հետ են բացառում համագործակցությունը, Ներսես Գևորգյանը պատասխանեց, որ դեռևս վաղ է այդ մասին խոսելու համար, քանի որ իրավիճակն անկայուն է։

«Իրավիճակն այս պահին հեղհեղուկ է․ դաշինքները, որոնք այս պահին անհնար են թվում, վաղը գուցե հնարավոր դառնան։ Այս առումով չէի ցանկանա ժամանակից շուտ խոսել սահմանափակումների մասին։ Երկար տարիների մեր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ուժերը սովորաբար խուսափում են մեզ հետ համագործակցությունից, թեև մենք բազմիցս կոչեր ենք անել համագործակցել գոնե կրիտիկական խնդիրների շուրջ»,–հավելել է նա։

Ճշտող հարցին այն մասին, թե ինչու քաղաքական ուժերը չեն ցանկանում համագործակցել ԱԺԲ–ի հետ, Գևորգյանը պատասխանել է․

«Մենք արդարության և մեր ազգային շահերը պաշտպանելու տեսակետից միշտ արմատական դիքերից ենք հանդես եկել, շատ ուժերի դա դուր չի գալիս»։

Source: https://news.am/hy/news/1035699