Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրությունները (հունիսի 7-ին) անցկացվում են երկրի ժողովրդագրական պատկերի կտրուկ տրանսֆորմացիայի պայմաններում։ Մի կողմից՝ ունենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ինտեգրման և երկրում պահելու կենսական խնդիր, մյուս կողմից՝ սահմանամերձ բնակավայրերի շարունակվող դատարկում: Միևնույն ժամանակ, լուրջ մարտահրավեր է դառնում այն օտարերկրյա աշխատուժի ու տարածաշրջանային հակամարտությունների հետևանքով Հայաստանում ապաստանածների հարցը, որոնք, մեր երկրում չհարմարվելով, այժմ աստիճանաբար հեռանում են երրորդ երկրներ։
Թվում էր, թե այսպիսի ճգնաժամային ու շրջադարձային կետում ժողովրդագրական անվտանգությունն ու ներգաղթի կառավարումը պետք է դառնային քաղաքական ուժերի հիմնական «կռվանները»։ Սակայն, արդյո՞ք ընտրություններին մասնակցող 17 կուսակցություններն ու 2 դաշինքներն իրենց նախընտրական ծրագրերում ունեն հստակ, չափելի ու ռազմավարական պատասխաններ այս հարցերին, թե՞ ամեն ինչ սահմանափակվում է «ծնելիության խթանման» մասին ավանդական, ընդհանրական լոզունգներով։
NEWS.am-ն ուսումնասիրել է 2026թ. ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը՝ պարզելու, թե ով և ինչպես է պատրաստվում փրկել Հայաստանը ժողովրդագրական փակուղուց և ինչ տեսլական ունեն ներգաղթի քաղաքականության վերաբերյալ։
Քվեաթերթիկի 1-ին համարը զբաղեցնող «Ռեֆորմիստների» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում արձանագրել է, որ Հայաստանը կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ և իր հայեցակարգում ամրագրել.
«Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել դրա կանխման պետական ծրագիր՝ ներառելով ներգաղթի կազմակերպում»։
Քվեաթերթիկի 3-րդ համարը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն իր 2026թ․ նախընտրական ծրագրի հենց սկզբում՝ արժեքային և գաղափարական մակարդակում, արձանագրել է, որ Հայաստանի զարգացման հիմքը հայ ժողովրդի ու հայկական մշակույթի պահպանումն է։ Ըստ այդմ, դաշինքն ընդգծել է, որ այդ հիմքով են ձևավորվելու իրենց՝ կրթական քաղաքացիության և ներգաղթի քաղաքականությունը։
Որպես հիմնական առաջնահերթություն, ծրագրում ամրագրված է հետևյալ սկզբունքային դրույթը.
«Պետությունը դառնալու է երրորդ ծնող բազմազավակ ընտանիքների համար» ։ Դաշինքը նպատակ է դնում արմատապես փոխել 2024 թվականի վիճակագրությունը, երբ երեխա ունեցող ընտանիքների շրջանում աղքատության մակարդակը կազմում էր 31 տոկոս։ Ըստ նրանց՝ հասցեական սոցիալական քաղաքականությամբ այս խմբի կենսամակարդակի բարձրացումը կլինի ժողովրդագրական աճի գլխավոր խթանը։
«Մեր քաղաքականության հիմքում դրվելու է ավանդական ընտանիքի պաշտպանությունը, ծնելիության խթանումը և բազմազավակության հանդեպ պետական հատուկ հոգածությունը»,-նշված է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ծրագրում:
Քվեաթերթիկի 5-րդ համարը՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, իր ծրագրում ամրագրել է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների անկյունաքարը աշխարհի բոլոր հայերին Հայաստանում մեկտեղելու գաղափարն է։
«ՀՀ-ն տնտեսական ու սոցիալական պայմաններ է ստեղծում հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող հայերի համար, մյուսներին խրախուսում է հնարավորինս ամուր պահել կապը պատմական հայրենիքի հետ։ Հայաստանը պետք է անհապաղ արձագանքի Սփյուռքի համայնքներում հայատյացության ու իրավունքների սահմանափակումների այլ դրսևորումներին և քայլեր ձեռնարկի՝ դրանք վերացնելու ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերվում է ժողովրդագրությանը, ապա կուսակցությունն առաջարկում է կտրուկ ավելացնել բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները: Մասնավորապես․
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ միանվագ նպատակային 5 մլն ֏ նպաստ:
Հիփոթեկային վարկի արտոնություններ՝ 5%-ով, մինչև 50 մլն ֏ արժողությամբ գույք ձեռք բերելու համար:
Աշխատող ծնողների համար հարկային արտոնություններ՝ եկամտային հարկի վերադարձ, շարժական և անշարժ գույքի վարկի տրամադրում արտոնյալ պայմաններով, հանգստի հնարավորություններ, նորածինների սնունդ և այլ անհրաժեշտ օգնություն։
Բացի այդ «Նոր ուժն» արձանագրում է, որ պետությունը խթանում է վերարտադրողական առողջությունը (արհեստական բեղմնավորում, փոխնակ մայրություն և այլն)։
Քվեաթրթիկի 6-րդ համարը՝ «Միասնության թևեր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում (Մանիֆեստում) առաջարկել է մինչև 2030 թվականը ստեղծել վերադարձի միասնական հարթակ, որը Սփյուռքի ներկայացուցիչներին և վերադարձող ընտանիքներին կապահովի նախապես հասանելի լեզվական ուսուցմամբ, բնակարանի և աշխատանքի որոնմամբ ու հիմնական ծառայությունների ինտեգրված մատչելիությամբ՝ ապահովելով Հայաստան տեղափոխվելուց հետո արագ և սահուն սոցիալ-տնտեսական ինտեգրում։
Մանիֆեստում ժողովրդագրական խնդիրների լուծման համատեքստում առաջարկել է հետևյալը. «Հայաստանի ապագան հիմնված է ամուր և բազմազավակ ընտանիքների, աշխատանքի հնարավորության և արդար ու հոգատար սոցիալական համակարգի վրա, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու համար կա հասանելի ու արդյունավետ աջակցություն կյանքի բոլոր փուլերում: Մենք խելացի քաղաքականությամբ կխթանենք ծնելիությունը, որը մեր երկրի գլխավոր մարտահրավերն է՝ կվերանայենք եկամտային հարկի համակարգը, բազմազավակ ընտանիքների համար կգործի հարկման առանձնահատուկ ռեժիմ՝ ընտանիքի համախառն եկամտի հաշվարկի և ընտանիքի անդամների համախառն եկամտի հիմքով։ Յուրաքանչյուր երեխայի համար կլինի ընդլայնված չհարկվող շեմ՝ հատկապես երկրորդ և երրորդ երեխաներից սկսած։ Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում»:
Իսկ ինչ վերաբերվում է Արցախից տեղեհանվածներին ՀՀ-ում պահելու խնդրին, կուսակցությունն առաջարկել է «Պետական - մասնավոր համագործակցության մեխանիզմներով ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ մարզերում՝ որպեսզի Արցախից տեղահանված խոցելի բնակչությունը, տեղացի անապահով աշխատունակ մարդիկ և ավագ սերնդի ներկայացուցիչները կրթվեն և դառնան փոքր ձեռնարկատերեր»։
Քվեաթերթիկի 7-րդ համարը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նպատակ է դրել՝ ստեղծել ամբողջ աշխարհում ապրող հայերի համագործակցության ժամանակակից ցանցային համակարգ։ Սփյուռքի երիտասարդ մասնագետներին դեպի Հայաստան գրավելու համար ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծել «Սփյուռքի տաղանդների և գիտելիքի փոխանցման ցանց» (Diaspora Talent and Knowledge Transfer Network):
«Պետք է ստեղծվի միջազգային հարթակ, որը սփյուռքի հայ երիտասարդ մասնագետներին կկապի Հայաստանում իրականացվող գիտակրթական, տեխնոլոգիական, մշակութային, սոցիալական նախագծերին
Իսկ «Վերադարձի աջակցության համապարփակ փաթեթ»-ով առաջարկվում է մշակել անհատականացված աջակցության ծրագիր՝ հայրենադարձ երիտասարդների համար, Հայրենադարձ երիտասարդների համար բնակարանային ապահովման ծրագիր, որը ենթադրում է նրանց իսկ մասնակցությամբ արտոնյալ բնակարանաշինության ծրագիր, կամ՝բնակվարձի որոշակի փոխհատուցում:
Քվեաթերթիկի 8-րդ համարը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունն իր ծրագրում ամրագրել է հայրենադարձության ապահովման դրույթը:
Կուսակցությունն առաջակում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը սահմանել որպես ռազմավարական առաջնահերթության գոտիներ և այդ մարզերում խթանել վերաբնակեցումը:
Քվեաթերթիկի 10-րդ համարը՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրել է.
«Կընդունվեն «փափուկ վայրէջքի» ծրագրեր հայրենադարձ մասնագետների ու նրանց ընտանիքների համար (բնակարան, կրթություն)»:
Իսկ ինչ վերաբերվում է ժողովրդագրությանը, ՀԱԿ-ը նախատեսել է աջակցել կանանց եւ ընտանիքներին, օրինկ՝ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար սահմանելով հարկային արտոնություններ։
Քվեաթերթիկի 11-րդ համարը՝ «Հանրապետություն» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում նպատակ է դրել մինչև 2040-ը Հայաստանը դարձնել անվտանգ, զարգացած, տեխնոլոգիական պետություն՝ աճող բնակչությամբ:
Կուսակցությունն առանձին դրույթով ամրագրել է ժողովրդագրության բարելավման հետ կապված իր տեսլականը: Ըստ այդմ՝ քաղաքական ուժն առաջարկում է.
«Տարածաշրջանում և աշխարհում ՀՀ դիմակայունության, ռազմական, քաղաքական, տնտեսական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ժողովրդագրական պատկերի փոփոխություն՝ արտասահմանից ներգաղթի, ծնելիության աճի և երիտասարդ ընտանիքների խրախուսման, բարձր աշխատավարձով աշխատատեղերով արտագաղթը կանխելու, որակյալ կրթության, առողջապահության և այլ միջոցներով:
Քվեաթերթիկի 14-րդ համարը՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, որպես Հայկական Պետության առաջնահերթություն, ամրագրել է ներգաղթի և ժողովրդագրության հետ կապված հետևյալ առանցքային կետերը.
● «Ուղեղների արտահոսքը» կասեցնելը և տարբեր ոլորտներում աշխարհի հայազգի լավագույն մասնագետների՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելը խրախուսելը
Կուսակցությունն իշխանափոխությունից անմիջապես հետո իրականացվող առաջին անհրաժեշտ քայլ է համարում ներգաղթը խրախուսելու օրենսդրական և ֆինանսական մոտեցումները:
Քվեաթերթիկի 15-րդ համարի՝ ԴՕԿ կուսակցության նախընտրական ծրագրում թեև հայրենադարձության կամ ժողովրդագրության հետ կապված առանձին դրույթներ չկան, սակայն կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է գյուղերի բնակեցման ծրագիր՝ արձանագրելով, որ սահմանամերձ գյուղերը պետք է գտնվեն հատուկ պետական պաշտպանության ներքո:
«Սահմանամերձ բնակիչները ստանալու են՝ հարկային արտոնություններ, արտոնյալ վարկեր, անվտանգության նոր համակարգեր, երիտասարդ ընտանիքների բնակարանային ծրագրեր»,-նշվում է նախընտրական ծրագրում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը», որը քվեաթերթիկում 16-րդ համարն է, առաջարկում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդունում:
Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անդրադարձել է ներքին միգրացիայի խնդրին՝ սահմանելով հետևյալ կետը.
«Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի մշակում և ընդունում»:
Քվեաթերթիկի 17-րդ համարը՝ «Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրում 3 հիմնական կետերով անդրադարձել է հայրենադարձության ապահովման խնդրին:
Հայրենադարձության «Կանաչ ուղի»․ ընդունել «Հայրենադարձության մասին» օրենք։ Ստեղծել «Հայրենադարձության մեկ պատուհան» կենտրոն, որը կապահովի իրավական աջակցություն և կնպաստի Հայաստան հայրենադարձությանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամ․ վերականգնել հիմնադրամի նկատմամբ վստահությունը՝ ներդնելով թափանցիկության և հաշվետվողականության միջազգային խիստ ստանդարտներ։ Հիմնադրամի միջոցներն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը և սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը։
«Համահայկական օժանդակություն ծնելիությանը»․ ներդնել աշխարհասփյուռ հայության ներուժով սնվող սոցիալական աջակցության փուլային համակարգ՝ առաջնահերթ թիրախավորելով սակավաբնակ բնակավայրերը։
«Հայաստան» դաշինքը երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բազմազավակության խթանման և երիտասարդ ընտանիքների նյութական աջակցության նպատակով առաջարկում է ներդնել «Աճող ընտանիքի» մոդելը։
Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է ներդնել եկամտահարկի նվազեցման աստիճանական համակարգ՝ սկսած երկրորդ երեխայից։ Ընտանիքում յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդով ծնողների եկամտահարկի դրույքաչափը կնվազեցվի ևս 3 տոկոսային կետով (օրինակ՝ 2 երեխայի դեպքում՝ -3 տոկոս, 3 երեխայի դեպքում՝ -6 տոկոս, 4 երեխայի դեպքում՝ -9 տոկոս, և այդպես շարունակ)։
Այս արտոնությունը կգործի մինչև երեխաների չափահաս դառնալը և կկիրառվի այն ընտանիքների համար, որոնց համախառն եկամուտը չի գերազանցում ընտանիքի մեկ անդամի հաշվով միջին ամսական աշխատավարձի սահմանված չափը։
Հ. Գ. Նյութում վերլուծված են միայն այն քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի կոնկրետ դրույթները, որոնք հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կամ հասանելի են եղել բաց աղբյուրներից:
Source: https://news.am/hy/news/1037193
Armenia
Ընտրություններ 2026 Ո՞վ և ինչպե՞ս է պատրաստվում փրկել Հայաստանը ժողովրդագրական աղետից
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։