Հայաստանը պետք է լինի այնպիսի երկիր, որտեղ ապրող մյուս ազգությունների ներկայացուցիչներն իրենց օտար չզգան։ Այս մասին եզդիաբնակ Ալագյազ գյուղում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Հայաստանն այստեղ բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է, և դա պետք է արտացոլվի պետության վարած քաղաքականության մեջ։ Նա հավելել է, որ իր պաշտոնավարման տարիներին խտրականության որևէ դրսևորում չի եղել. բոլոր ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերվել է հավասար վերաբերմունք ու ուշադրություն։

«Չի կարելի մոռանալ նաև պատերազմներում ձեր մասնակցությունը։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուք Հայաստանը համարեք ձեր միակ հայրենիքը։ Դա մեր պարտքն է, և մենք դա կանենք»,- ասել է Քոչարյանը։

Source: https://news.am/hy/news/1037233