Մոսկվան արդեն մի քանի ամիս է՝ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, ասում է՝ խելքի եկեք։ Այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Մեկնաբանելով վերջին զարգացումներն ու Ռուսաստանի ներկայացուցիչների երեկվա հայտարարությունները՝ քաղաքական գործիչը վերահաստատել է, որ գերտերության հետ չի կարելի խոսել այն տոնով, որով փորձում է խոսել Երևանը։ Նրա խոսքով՝ հետևանքները ծանր են լինելու ժողովրդի համար, իսկ Հայաստանի իշխանություններն արդեն անցել են թույլատրելիի սահմանը։ «Արգելեցին ծաղիկների ներկրումը, հետո կարգելեն այլ գյուղմթերքների ներմուծումը. ի՞նչ են անելու մարդիկ»,- հարց է հնչեցրել Քոչարյանը՝ հիշեցնելով, որ մարդիկ վարկեր ունեն փակելու։ Որպես հեգնական առաջարկ՝ նա նշել է, որ իշխանությունները կարող են գնել այդ ծաղիկներն ու նվիրել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնին կամ «ՔՊ»-ական կանանց։
Ըստ նրա գնահատականի՝ Ռուսաստանն արդեն անցել է գործողությունների, սակայն դեռևս ոչ թե համատարած պատժամիջոցների, այլ սեփական լծակները ցույց տալու և զգուշացնելու տեսքով։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպան առաջնորդվում են նույն տրամաբանությամբ. բարեկամների համար գործում են արտոնյալ պայմաններ, իսկ ոչ բարեկամների համար՝ պատժամիջոցներ։ «Ռուսաստանն ասում է՝ եթե ուզում ես ընկերանալ իմ թշնամիների հետ, ինձնից ի՞նչ ես ակնկալում. ես քեզ այլևս որպես բարեկամ չեմ դիտարկի։ Հայ ժողովուրդը բարեկամ է, բայց պետությունը դադարում է բարեկամ լինելուց»,- պարզաբանել է Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1037222
Armenia
Թող «ՔՊ»-ն Ռուսաստանի կողմից արգելված հայկական ծաղիկներն ուղարկի Բրիջիթ Մակրոնին․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։