Մայիսի 15-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կուբանում գտնվող Եյսկ քաղաքի ռազմական օդանավակայանին։ Գրոհի հետևանքով օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնել է Astra-ն, որն ուսումնասիրել է տեղի բնակիչների նկարահանած կադրերը․ նրանք պատմել են պայթյունների և հրդեհի մասին։ Հրապարակված լուսանկարները, որոնցում երևում է ծխի սյունը, արվել են օդանավակայանի սահմանից մոտ 1 կիլոմետր հեռավորությունից։

Օբյեկտի շրջակայքում բռնկված հրդեհի մասին, հղում անելով տեղի բնակիչների հաղորդումներին, գրել է նաև ուկրաինական Supernova ալիքը։ Նշվել է, որ մինչ այդ քաղաքում «ակտիվորեն աշխատում էր ՀՕՊ-ը»։ Եյսկի օդանավակայանի գրոհն իրականացրել են Ուկրաինայի Անօդաչու համակարգերի ուժերի դրոնները, հայտնել է դրանց հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին։ Նա հայտնել է, որ գիշերային հարվածների հետևանքով խոցվել են БЕ-200 «Ալտաիր» ամֆիբիա ինքնաթիռը և Ка-27 ծովային ուղղաթիռը։

Եյսկի շրջանում տեղակայված է Ռուսաստանի ՌԾՈւ ծովային ավիացիայի թռիչքային կազմի մարտական կիրառման և վերապատրաստման 859-րդ կենտրոնը։ Այստեղ է գտնվում ՆԻՏԿԱ-ն՝ եզակի ցամաքային փորձարարական մարզումային համալիր (ավիատեխնիկական համակարգ, որը նմանակում է ավիակրի տախտակամածը), որն օգտագործվում է տախտակամածային ավիացիայի թռիչքի և վայրէջքի մշակման համար, նշել է Astra-ն։

Բացի այդ, ինչպես հավաստիացնում է «Մադյարը», Անօդաչու համակարգերի ուժերի դրոնները խոցել են մի շարք այլ թիրախներ ևս Տագանրոգում և Ռուսաստանի բանակի կողմից գրավված Ուկրաինայի շրջաններում։ Դրանց թվում են ««Тор-М2» զենիթահրթիռային համալիրը Լուգանսկի մարզի Գոնչարովո բնակավայրում և «Панцирь-С1» զենիթահրթիռային հրանոթահրթիռային համալիրը Ղրիմի Խուտորոկ բնակավայրում, որտեղ «Կրիմսկի վետերի» բաժանորդները հայտնել էին պայթյունների և կրակոցների մասին։

«Սրանք հակառակորդի ՀՕՊ-ի 16-րդ և 17-րդ տարրերն են, որոնք մայիսի 1–15-ը ոչնչացվել են Անօդաչու համակարգերի ուժերի «թռչունների» կողմից», — հայտարարել է «Մադյարը»։ Նա նաև հայտնել է, որ գիշերը խոցվել է Բերդյանսկում գտնվող չորաբեռնանավը, որն օգտագործվում էր զինամթերք տեղափոխելու համար, ինչպես նաև Ռայգորոդկայում («ԼԺՀ») ՌԴ ԶՈւ անձնակազմի տեղակայման վայրը և ուսումնական կենտրոնը։

Source: https://news.am/hy/news/1035690