Երևանի Կինոյի տանը մայիսի 15-ին տեղի է ունեցել ռեժիսորներ Հովհաննես Իշխանյանի և Սուրեն Բելյանի «Ծիծեռնակի հավատի կենացը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է «Հայաքվե» նախաձեռնության աջակցությամբ։ Կինոնկարը պատմում է տեղահանություն, վերաբնակեցում և տան կորուստ վերապրած արցախահայերի ճակատագրերի, ինչպես նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի հետ կապված սպառնալիքների և Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման մասին։
Կինոյի տան դահլիճը մարդաշատ էր։ Պրեմիերային ներկա էին հասարակական գործիչներ, լրագրողներ, մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և երևանցիներ, որոնց համար Արցախի թեման բաց վերք է։
Ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում՝ հեղինակների, հերոսների և «Հայաքվեի» ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը պատմել է, որ ֆիլմի գաղափարն առաջացել է «Հայաքվեի» ներքին քննարկումների ժամանակ, երբ ավելի հաճախ է սկսել շրջանառվել Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման թեման։
«Քննարկում էինք, թե ինչպես մոտենալ այս թեմային։ Այդ ժամանակ Վարուժան Գեղամյանն առաջարկեց․ «Իսկ եթե մի ուսանո՞ղ սկսի հետազոտել այս հարցը»։ Հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ սկսվեց»,- նշել է ռեժիսորը։
Այսպես աշխատանքին միացել է Սուրեն Բելյանը, որը հետագայում դարձել է ոչ միայն ռեժիսոր, այլև հենց ֆիլմի խորհրդանիշներից մեկը։ «Ավելի ուշ պարզվեց, որ Սուրենն ապրում է հենց այն շրջանում, որտեղ ադրբեջանցիների վերաբնակեցման վտանգ կա։ Նա Արտաշատի մոտ գտնվող հին Դվինի տարածքում տեղակայված Հնաբերդ գյուղից է։ Սա շատ խորհրդանշական զուգադիպություն էր»,- ընդգծել է Իշխանյանը։
Ֆիլմի հեղինակները միտումնավոր հրաժարվել են չոր քաղաքական լեզվից և որոշել են խոսել մարդկային ճակատագրերի միջոցով։ Կինոնկարի կենտրոնում այն ընտանիքներն են, որոնք ստիպված են եղել մի քանի անգամ լքել իրենց տները՝ նախ Բաքվում և Մինգեչաուրում, ապա Արցախում, իսկ 2023-ի իրադարձություններից հետո կրկին դարձել են փախստական։
«Այսօր Հայաստանը հասել է մի վիճակի, երբ մենք արդեն բախվում ենք սեփական ինքնության պատճառով կիրառվող գրաքննությանը։ Եթե հայերն ասում են, որ արցախցիները պետք է վերադառնալու իրավունք ունենան, Ադրբեջանի համար դա արդեն ծայրահեղականություն է համարվում»,- ասել է Իշխանյանը։
Ֆիլմի ավարտը կառուցված է արհեստական բանականությանը տրված հարցի շուրջ՝ հնարավո՞ր է արդյոք հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը տեղի ունեցածից հետո։ Արհեստական բանականությունը բացասական պատասխան է տվել։ Այս դրվագը դարձել է երեկոյի ամենաքննարկվող և էմոցիոնալ առումով ծանր տեսարաններից մեկը։
«Հայաքվե» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանն ընդգծել է, որ ֆիլմը իրական մարդկային պատմությունների միջոցով հասարակությանը տեղի ունեցող գործընթացների մասշտաբը բացատրելու փորձ է։
«Այս ընտանիքները նման են ծիծեռնակների, որոնք անընդհատ ստիպված են փոխել իրենց բույնը։ Բայց գուցե եկել է ժամանակը, որ այս ծիծեռնակը վերջապես կարողանա հյուսել իր բույնը և այլևս ստիպված չլինի չվել»,- նշել է Չալաբյանը։
Ըստ նրա, ֆիլմի գլխավոր իմաստն այն է, որ նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն։
Source: https://news.am/hy/news/1036001
Armenia
«Ծիծեռնակն այլևս չի ուզում հեռանալ». Երևանում տեղի է ունեցել Արցախի և բռնի տեղահանված արցախցիների մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։