«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսում է նախընտրական քարոզարշավի ամենշաբաթյա հանրային հաշվետվությունների ձևաչափը։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ամփոփելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթվա արդյունքները։
Տոնոյանի խոսքով՝ կուսակցությունը որոշել է յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի հաշվետվությունը՝ հանրությանը ներկայացնելու քարոզարշավի ընթացքն ու քաղաքական թիմի գործունեությունը։
Նրա խոսքով՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև քաղաքական թիմի անդամների և պատգամավորության թեկնածուների մասնակցությամբ, ակտիվ հանդիպումներ են անցկացվել Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։
Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանն անձամբ այցելել է Կոտայքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ, հանդիպել բնակիչների հետ, ինչպես նաև հանդիպում ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քաղաքացիների հետ։
Իվետա Տոնոյանը նշել է, որ կուսակցության հանդիպումները հաճախ վերածվում են «ժողովրդական ասուլիսների», որտեղ հարցեր են հնչեցնում ոչ միայն լրագրողները, այլև հենց քաղաքացիները։
«Մարդիկ բարձրաձայնում են անվտանգությանը, սոցիալական խնդիրներին, տնտեսությանը, առողջապահությանը, կրթությանը, արտաքին պարտքի ծավալներին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Մենք ներկայացնում ենք այդ խնդիրների լուծման մեր մոտեցումները՝ հիմնվելով «Առաջարկ Հայաստանին» ծրագրի վրա»,- ասել է նա։
ԲՀԿ մամուլի խոսնակը շեշտել է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, ըստ կուսակցության, սկզբունքորեն տարբերվում է մինչ այժմ ներկայացված մյուս նախընտրական ծրագրերից, քանի որ այն «մարդկանց կողմից ստեղծված և մարդկանց մասին ծրագիր է»։
Տոնոյանը նաև հայտարարել է, որ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ձևավորվել է ԲՀԿ-ի նոր քաղաքական կարգախոսը՝ «Պատրաստվեք լավ փոփոխությունների, պատրաստվեք նոր փոփոխությունների», որը, նրա խոսքով, ծնվել է քաղաքացիների հետ անմիջական շփումների արդյունքում և արդեն լայնորեն օգտագործվում է թե՛ կուսակցության ներկայացուցիչների, թե՛ քաղաքացիների կողմից։
Նրա փոխանցմամբ՝ կուսակցության անդամները շարունակում են ակտիվ քարոզարշավը Երևանի տարբեր համայնքներում՝ անցկացնելով բակային հանդիպումներ, բնակարանային քննարկումներ և ներկայացնելով կուսակցության ծրագիրը քաղաքացիներին։
Անդրադառնալով քաղաքական մթնոլորտին՝ Իվետա Տոնոյանը կոչ է արել ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին պահպանել քաղաքական կոռեկտությունն ու կառուցողականությունը։
«Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի մեկնարկին քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հստակ նշել է՝ որևէ օպոնենտի նկատմամբ ցեխ չշպրտել։ Սակայն եթե լինեն անարդար քննադատություններ կամ վիրավորանքներ, բնականաբար դրանց տրվելու են համարժեք պատասխաններ: Մենք երբեք նախահարձակ չենք լինելու, պահելու ենք բարեկրթության բոլոր նորմերը, սակայն, եթե հնչում են գնահատականներ, բնականաբար դրանց տրվելու են նաև համարժեք պատասխաններ»։»,- նշել է նա։
Տոնոյանը վստահեցրել է, որ ԲՀԿ-ն մտադիր է պահպանել քաղաքական բարեկրթության նորմերը, սակայն չի պատրաստվում անարձագանք թողնել ընդդիմախոսների գնահատականները։
Source: https://news.am/hy/news/1035687
Armenia
Ծառուկյանն ասել է՝ ցեխ շպրտել չլինի, եթե մեզ վիրավորեն, համարժեք պատասխան լինելու է. Իվետա Տոնոյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։