Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 15-ին նախընտրական քարոզչություն է անցկացնում Արմավիրի մարզում։

Մասնավորապես, քարոզչություն է իրականացվել Փարաքար, Գայ, Ակնաշեն, Էջմիածին, Առատաշեն, Մեծամոր, Դալարիկ և այլ համայնքներում։

Էջմիածնում ելույթի ժամանակ Հայաստանի՝ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, կրկին մեղադրել է ընդդիմությանը, որ այն, իր գնահատմամբ, զբաղվում է խաղաղ գործընթացը խաթարելով։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանում սոցիալական հեղափոխություն է տեղի ունեցել, և այն, իր հավաստմամբ, կշարունակվի։ Փաշինյանը կրկնել է, որ կենսաթոշակի միջին չափը դարձել է ավելի բարձր, քան նվազագույն սպառողական զամբյուղը՝ դա անվանելով ոչ մեծ արդյունք և ոչ թե երազանքների սահման։ Նրա խոսքով՝ 2018 թվականին կենսաթոշակի նվազագույն չափը եղել է 16 հազար դրամի մակարդակում, իսկ հիմա՝ 46 հազար դրամ։ Փաշինյանը խոստացել է պարբերաբար ինդեքսավորել կենսաթոշակը՝ գնաճին զուգահեռ։

Նա նաև պատմել է համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մասին, որը, նրա խոսքով, հանգեցրել է այնպիսի ազդեցության, որ պետությունը կենսաթոշակների չափը բարձրացրել է ոչ թե 10 հազար դրամով, այլ փաստացի՝ 30–50 հազար դրամով։ Փաշինյանը կրկնել է, որ պետությունը 2018 թվականից Արմավիրի մարզում իրականացրել է 250 մլն դոլարի ներդրումներ։ Նա խոստացել է, որ ապագայում Հայաստանում կլինեն ուսուցիչներ, որոնք կստանան մինչև 1 մլն դրամ աշխատավարձ։

Source: https://news.am/hy/news/1035702