Անկարայում տեղի է ունեցել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմնակիցների զանգվածային երթը՝ կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի գլխավորությամբ, հայտնել է Haberhurriyeti-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տասնյակ հազարավոր մասնակիցներ հավաքվել են Գյուվենփարկի շրջանում և երթով շարժվել դեպի Անըթքաբիրի դամբարան։

Ակցիան անցկացվել է հանրահավաքի և դրան հաջորդած երթի շրջանակում՝ կուսակցական գործիչների, համայնքային ղեկավարների և կուսակցության կողմնակիցների մասնակցությամբ։ Ցուցարարները շարժվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, մի շարք շրջաններում երթևեկությունը սահմանափակվել է, իսկ ոստիկանությունն ապահովել է կարգուկանոնը։

Գյուվենփարկում ունեցած ելույթի ընթացքում Օզելը հայտարարել է կուսակցության ներսում առկա քաղաքական տարաձայնությունների և ներքին թարմացման անհրաժեշտության մասին։ Նա նաև կոչ է արել անցկացնել կուսակցության նոր համագումար և ներկուսակցական ընթացակարգերի միջոցով քննարկել ապագա ղեկավարության հարցը։

Հանրահավաքի ավարտից հետո մասնակիցների շարասյունը շարունակել է շարժումը դեպի Անըթքաբիր, որտեղ ակցիան ավարտվել է։

Ավելի վաղ Թուրքիայի դատարանը չեղարկել էր ԺՀԿ 2023 թվականի համագումարի արդյունքները և անվավեր ճանաչել առանցքային ընդդիմադիր կուսակցության նախագահի ընտրությունը։ Միևնույն ժամանակ դատարանը պաշտոնում վերականգնել էր կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Source: https://news.am/hy/news/1039690