ԱՄՆ-ը մտադիր է արագացնել իր զորքերի դուրսբերումը Եվրոպայի ռազմակայաններից և համապատասխան առաջարկները ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին կներկայացնի արդեն հաջորդ ամիս, հաղորդել է գերմանական Welt am Sonntag թերթը՝ հղում կատարելով Պենտագոնի աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը նախատեսում է ամերիկյան ռազմական ներկայության կրճատման մանրամասները քննարկել ՆԱՏՕ ուժերի ձևավորման հարցերով առաջիկա համաժողովում (Force Sourcing Conference)։

Միևնույն ժամանակ, զորքերի արագացված դուրսբերման կոնկրետ ժամկետներն ու այն օբյեկտների ցանկը, որոնց դա կվերաբերի, առայժմ չեն բացահայտվում։

Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն հայտարարել էր Գերմանիայից մոտ 5 հազար զինծառայող դուրս բերելու ծրագրերի մասին։ Այդ ժամանակ Պենտագոնը նշում էր, որ գործընթացը կտևի վեցից տասներկու ամիս։

Գերմանիան շարունակում է մնալ Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման ամենախոշոր կենտրոնը․ երկրի տարածքում տեղակայված է ԱՄՆ շուրջ 35 հազար զինծառայող։ Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ զորակազմի կրճատման որոշումը կապված է Վաշինգտոնի և եվրոպական դաշնակիցների միջև Իրանի շուրջ հակամարտության և անվտանգության հարցերի վերաբերյալ տարաձայնությունների հետ։

Պենտագոնից Welt am Sonntag-ի հրապարակման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել։ Եվրոպայում ամերիկյան ներկայության հետագա կրճատման հնարավոր ծավալները նույնպես մնում են անհայտ։

Source: https://news.am/hy/news/1039699